«Ստաբատ Մատեր»-ը կհնչի Եղեռնի նահատակների հիշատակին

Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Ռոսինիի «Ստաբատ Մատեր»-ը:  Համերգը «100 համերգ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակներում է կայանալու:

Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:  Մենակատարներն են` սոպրաներ Կարինե Բաբաջանյանը և ՋուլիետԳալստյանը, տենոր Պերճ Քարազյանը և  բաս Հայկ Դեինյան:  

Ռոսինիի «Ստաբատ Մատեր»-ը նրա  վերջին նշանավոր աշխատանքներից է` 1829թ. գրելով «Վիլհելմ Տելը»` օպերայի ասպարեզում իր գլխավոր ստեղծագործությունը, կոմպոզիտորը որոշեց, որ երաժշտության մեջ ինքն այլևս ասելիք չունի: Կյանքի մնացած 38 տարիներին Ռոսինին փետուրը ձեռքն էր վերցնում միայն իր հայտնի Stabat Mater-ը գրելու համար:

13-րդ դարի ֆրանցիսկյան քահանա Յակոպոնե դա Տոդեի  Stabat Mater dolorosa-ն  լատիներենից թարգմանվող`  «Կանգնած էր ողբացող մայրը»  կանոնիկ  պոեմը  սգացող Աստվածամոր տիեզերական  ողբն է:  Ռոսինիի ստեղծագործությունը մեծ հաջողություն ունեցավ և մինչ օրս կատարվում է լավագույն նվագախմբերի կողմից: