ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգվում է

Միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման դանդաղկոտությունը Հայաստանի կառավարությանը ստիպում է գնալ Մեծամորի գործող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման։ Կառավարությունը նման քայլի պարտադրված է գնում, քանի որ շահագործման ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է $100-150 մլն, իսկ նոր էներգաբոլոկ կառուցելու համար՝ $5,2-$7,2 մլրդ։

Ապրիլի 19-ի նիստում կառավարությունն ամենայն հավանականությամբ կընդունի «Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու մասին» էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մշակած որոշման նախագիծը։ Մեծամորի ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մշակման աշխատանքները պետք է պատրաստ լինեն մինչև 2013թ. մայիսի 5-ը:

Նախարարությունը ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը պայմանավորում է նրանով, որ մինչև դրա շահագործման ավարտը (2016թ.) նոր էներգաբլոկը պատրաստ չի լինի: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016թ. սեպտեմբերին (շահագործման նախագծային ժամկետը՝ 30 տարի):

«Հաշվի առնելով ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները [հայտարարվում է, որ նոր էներգաբլոկը կարող է շահագործվել 2019թ. – Ա.Չ.] և որպեսզի ապահովվի երկրի էներգետիկ անվտանգությունը և անկախությունը, անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը»,- նշված է կառավարության հաստատմանը ներկայացված որոշման նախագծի հիմնավորման մեջ։

 

Ձախողման հետևանքը

2008թ. հոկտեմբերին՝ ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։

Նախագահից բացի, էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները բազմաթիվ անգամ հայտարարել էին, որ նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի մինչև Մեծամորի ատոմակայանի շահագործումից հանելը, այսինքն՝ մինչև 2016թ։

Այս տարվա փետրվարին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ նոր էներգաբլոկը պատրաստ կլինի 2019թ., իսկ օրերս Մեծամորում ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչև 2014թ. կսկսեն նոր էներգաբլոկի հիմնային աշխատանքները։

Նշենք, որ 1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի 5,2-$7,2 մլրդ, իսկ բուն շինաշախատանքների համար՝ 5-7 տարի։ Կառուցման ժամկետն առաջին հերթին կապված է ֆինանսավորման աղբյուրներից։

Ներկայում միայն Ռուսաստանն է պատրաստ ներդրում կատարել Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործում, ընդ որում՝ ռեակտորի տեսքով։ Այս տարվա փետրվարին ռուսական «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն Երևանում հայտարարեց, որ իրենք կարող են մինչև 50% մասնակցություն ունենալ նոր էներգաբլոկի ներդրումներում:

Հաշվի առնելով ընդհանուր ներդրումների չափը, ստացվում է, որ Հայաստանին անհրաժեշտ է լինելու ապահովել $2,5-3,5 մլրդ ներդրում։ Թեև կառավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ բացի «Ռոսատոմ»-ից նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծով հետաքրքրված են նաև այլ երկրների ընկերություններ, վերջիններիս անուններն այդպես էլ չեն հրապարակվում։

Եթե նույնիսկ կյանքի կոչվի նոր միջուկային էներգաբլոկի նախագիծը, շինաշխատանքները կարող են յոթ տարուց ավելի տևել: Նման պայմաններում Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումն այլընտրանք չունի։ Այսօր աշխարհում ընդունված է, որ եթե կայանները գտնվում են տեխնիկական լավ վիճակում, դրանց կյանքը կարելի է երկարացնել տասը տարով:

Գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման տարբերակը նաև ձեռնտու է ֆինանսական տեսակետից։ Մեծամարի ատոմակայանը շահագործումից հանելու համար նախնական գնահատականներով անհրաժեշտ է՝ $239 մլն, իսկ դրա կյանքը երկարացնելու համար՝ $100-150 մլն։

Երկարաձգման արդյունքում մի կողմից Հայաստանը առաջիկա տասը տարվա համար կլուծի երկրի էներգետիկ անվտանգության խնդիրը, մյուս կողմից՝ ժամանակ կշահի «հավաքելու» ատոմակայանը շահագործումից հանելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

Մեծամորի ատոմակայանը բավարարում է Հայաստանի էներգետիկ պահանջարկի 40-45%-ը։

Արմենակ Չատինյան