Հանգուցյալ Քիթ Մունին հրավիրել են օլիմպիական համերգի

The Who խմբի թմբկահար Քիթ Մունը (մահացել է 1978թ.) ստացել է Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու հրավեր: Այս մասին տեղեկացրել է խմբի ղեկավար Բիլ Քերբիշլին:

Նա պատմել է, որ վերջերս օլիմպիական միջոցառումների կազմակերպիչներից մի նամակ է ստացել, որում Քերբիշլիին հարցրել են, թե արդյոք Քիթ Մունը կարո՞ղ է մասնակցել տոնական համերգին:

The Who-ի ղեկավարը խաղերի կազմակերպիչներին գրած պատասխան նամակում տեղեկացրել է, որ Քիթ Մունը ներկա պահին գտնվում է Golders Green դիակիզարանի տարածքում և The Who խմբի I hope I die before I get old (Հուսով եմ` կմահանամ ավելի շուտ, քան կծերանամ) երգի <<մարմնավորումն>> է: Բիլ Քերբիշլին հավելել է նաև, որ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կարող է կլոր սեղանի շուրջ` մոմերի լույսի ներքո, սպիրիտիկ սեանս կազմակերպել և շփվել Մունի հետ:

Արդյոք Քերբիշլիին պատասխանե՞լ են, անհայտ է:

Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 27-ին:

Մեկնաբանել