Քարերով հարձակում` իրավապաշտպանների վրա

Հարձակում է կատարվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  իրավապաշտպանների վրա: Ինչպես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  հայտարարության համաձայն` ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ  արտահայտվող քաղաքացիներից ոմանք քարեր են նետել իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի ուղղությամբ, հայհոյել են, վնասել գույքը և նույնիսկ վնասել կազմակերպության աշխատակիցներից մեկին:

Ըստ հաղորդագրության`բռնությունը ցանկացած անձի նկատմամբ անխոս դատապարտելի է, բայց բազմակի անգամ դատապարտելի է բռնությունը հատուկ առաքելությամբ գործող անձանց, այդ թվում` իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ:  Բռնությունը իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոչ միայն սոսկ հանցագործություն է, այլև խարան և ամոթ հասարակության համար:

«Ես դեմ եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը՝  հատկապես ներկա իրավիճակում, երբ ադրբեջանցի դիպուկահարները սպանում են մեր եղբայրներին, երբ ադրբեջանցիները ամենուրեք դրսևորում են ատելություն մեր նկատմամբ, հատկապես վերջերս, երբ Ադրբեջանի նախագահը իր վայրի դրսևորմամբ  զարմացրեց և զայրացրեց  շատ եվրոպացիների:

Մեր ձգտումները հստակորեն ուղղորդված են դեպի Եվրոպան: Մեր քրիստոնեական և ազգային արժեքները մեզ միշտ են ուղղորդել դեպի մարդասիրություն և հանդուրժողականություն:  Չի կարող իրական քրիստոնյան, մարդասեր հայը, ժամանակակից եվրոպացին քարերով արտահայտել իր անհամաձայնությունը»,-նշված է մամուլի ծառայության հաղորդագրությունում: