Ֆրանսիացիները հոգնել են քամելեոն նախագահից

Ապրիլի 15-ին Փարիզի Համաձայնության հրապարակ Նիկոլա Սարկոզիին աջակցելու է եկել մոտ 100 հազ. մարդ։ Գրեթե նույնաքանակ բանակ է հավաքել Վենսենի ամրոցում Ֆրանսուա Օլանդը։

Իր ելույթում Սարկոզին ընտրողներին խնդրել է երկիրը փրկել ձախերի հարձակումից։ Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը, որին բազմիցս մեղադրել են ինչպես աջերի, այնպես էլ ձախերի գաղափարները գողանալու մեջ, անսպասելիորեն խոստացել է վերընտրման դեպքում ընդլայնել Եվրոպական կենտրոնական բանկի լիազորությունները, ինչը թույլ կտա բարելավել տնտեսական աճի ցուցանիշները Եվրոպայում։ Այս կետն առկա է ոչ միայն Օլանդի, այլև ուլտրաձախ Ժան Լյուկ Մելանշոնի ծրագրում, և մեկ անգամ չէ, որ Սարկոզիի թիմն այն ծաղրի է ենթարկել անհասանելի լինելու համար։

Ներկայիս ընտրարշավի ընթացքում Սարկոզին վերաբրենդավորում իրականացրեց՝ «հարուստների նախագահի» ձևաչափը փոխարինելով «ժողովրդական նախագահի» կերպարով։ Սակայն ֆրանսիացիները, երևում է՝ հիացած չեն առաջնորդով, որը փոխում է գույնը քամելեոնի պես։ Համաձայն ավանդական ամփոփիչ հարցման՝ Սարկոզիի գործունեությունից դժգոհ է Ֆրանսիայի բնակչության 64%-ը։ Հինգերորդ հանրապետության ոչ մի նախագահ պետության ղեկավարի ընտրություններից մեկ շաբաթ առաջ ժողովրդականության նման ցածր վարկանիշ չի ունեցել։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1981թ.։ Այդ ժամանակ Վալերի Ժիսկար դ’Էստենի ցուցանիշը 46% էր կազմում։ Նա երկրորդ փուլում պարտվեց Ֆրանսուա Միտերանին։

Ինչ վերաբերում է Օլանդին, ապա նա, դպրոցականի պես կրկնելով անգիր արած խոստումները, երկյուղով նայում է Մելանշոնի կողմը, որը, եթե հավատանք հանրահավաքի կազմակերպիչներին, ապրիլի 14-ին Մարսելում 120 հազ. մարդ է հավաքել։ Լինելով այս ընտրարշավի ամենավառ ֆիգուրը՝ Մելանշոնը մյուս թեկնածուներից տարբերվում է նրանով, որ դեմ է խիստ խնայողության միջոցառումներին։

Այդուհանդերձ, Ֆրանսիայի նախագահի բոլոր 10 թեկնածուներն ունեն ընդհանուր և առավել վտանգանվոր թշնամի. այն է՝ ընտրողների կանխատեսվող ռեկորդային ցածր մասնակցությունը։ Ընտրությունները բոյկոտել մտադիր է ձայնի իրավունք ունեցողների 29%-ը։ Այս իսկ պատճառով էլ կիրակնօրյա հանրահավաքների ժամանակ ֆավորիտները փորձել են Ֆրանսիայի ներքաղաքական գործերին տալ տիեզերական նշանակություն։ «Խաղասեղանին ոչ միայն Ֆրանսիայի ապագան է, այլև մեր քաղաքակրթական մոդելի գոյատևումը»,- հայտարարել է Սարկոզին։ «Սա պարզապես ֆրանսիական ընտրություն չէ։ Ձեր որոշումը խորապես կազդի եվրոպական պատմության ապագայի վրա»,- ճարտասանության դուելում Սարկոզիից հետ չի մնացել Օլանդը։ Սակայն քվեարկությանը մասնակցել չցանկացողներին վերահամոզելը հեշտ չէ. մարտի վերջին նրանց թիվը, ճիշտ է՝ ավելի մեծ էր, բայց ընդամենը 3%-ով։