Նախանշվել են հայ-բելառուսական ապագա համագործակցության ոլորտները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Վարչապետը նշել է. «Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի համար ուրախ ենք: Միաժամանակ, տնտեսական ոլորտում առկա է երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման համար»:

Զրուցակիցները կարևորել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը կայանալու է ընթացիկ տարվա աշնանը Մինսկում:

Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնվչող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Հայաստանում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու և ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին բելառուսական կողմի հնարավոր ներգրավմանը, մեր երկրում հիմնված բելառուսական գյուղատնտեսական լիզինգային ընկերության գործունեությանը, ինչպես նաև գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարմանը:

Կողմերը քննարկել են Երևանի ավտոբուսային պարկը և վերելակային տնտեսությունը բելառուսական ավտոբուսներով ու վերելակներով համալրելուն առնվչող հարցեր: Վարչապետ Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը հեռանկարային են համարել ադամանդագործության, ատոմային էներգիայի և զբոսաշրջության բնագավառներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է ոսկերչական ոլորտում համագործակցության հուշագիր. այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը:

Մեկնաբանել