«Իններորդ արվեստ»-ը` նաև Հայաստանում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլ 20-22-ին կանցկացվի Պատկերապատման 3-րդ միջազգային փառատոնը` Հայաստանի պատկերապատման զարգացման միության նախաձեռնությամբ:

Հայաստանում պատկերապատման արվեստը, որն ամբողջ աշխարհում իր ուրույն տեղն ունի և կոչվում է իններորդ արվեստ, նոր է վերելք ապրում` չնայած արդեն գոյություն ունեն ամսագրեր, որտեղ տպագրվում են պատկերապատումներ:

Փառատոնի բացման օրը կներկայացվի ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո տպագրված «Իմ Հայաստան» խորագրով հավաքածուն, որտեղ զետեղված են 20-ից ավելի նկարիչների պատկերապատումներ:

Փառատոնին կմասնակցեն նկարիչներ Ֆրանսիայից և Իտալիայից: Հյուրերն իրենց աշխատանքները ներկայացնելուց բացի վարպետության դասեր կանցկացնեն:

«Երբեք չմոռանանք նրանցից ոչ մեկին. պատկերապատման հայացք առ ցեղասպանություն» խորագրով կցուցադրվեն Վալանսի Ցեղասպանության թանգարանի նմուշներ: Կկազմակերպվեն նաև ֆրանսիացի մի շարք պատկերապատողների անհատական ցուցահանդեսներ, այդ թվում` Դոմինիկ Բեղտայի, Ժան-Մարկ Տրուբեի, Լորան Գալանդոնի: Կներկայացվեն իտալացի Պաոլո Կոսիի «Արարատ» գիրքը, 13-16-րդ դարերի հայկական մանրանկարչութունը, հայ պատկերապատող Տիգրան Մանգասարյանի աշխատանքները:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև մրցույթ` «Այբ, բեն, գիմ…» խորագրով: Կցուցադրվեն պատկերապատումների հիման վրա ստեղծված Զեփի «Տիտոֆը» և Մոյբյուսի «Ժամանակի վարպետները» անիմացիոն ֆիլմերը:

Մեկնաբանել