Կհավատա՞ Արևմուտքը ՄԱԿ-ի դիտորդներին

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ բանագնաց Քոֆի Անանը, որը և մշակել է Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ծրագիրը, նախատեսում է մինչև 250 դիտորդ ուղարկել այս երկիր։ Փորձագետներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում դիտորդների ժամանումը Սիրիա։

«Սա բավական դրական իրադարձություն է Սիրիայում իրադրության կայունացման համար։ Ենթադրում եմ, որ դիտորդների ներկայությունը կնպաստի կոնֆլիկտի ծագման իրական պատճառների բացահայտմանն ու ճգնաժամի հաղթահարման ուղիների փնտրմանը»,- ռուսական «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը։

Համանման գնահատական է տալիս նաև սիրիացիների մեծ մասը։ Այդուհանդերձ, Քոֆի Անանի ծրագրի իրականացման վերաբերյալ որոշ կասկածներ մնում են, ու պետք է խոստովանել, որ դրանք անհիմն չեն։ Սիրիական պետական SANA լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Ահմադ Դաովան նկատում է. «Դիտորդների խնդիրն է աշխարհին ներկայացնել օբյեկտիվ պատկերն այն ամենի, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ցույց տալ, որ Դամասկոսն առերեսվել է զինված խմբավորումների, որոնք հովանավորվում են արտասահմանից։ Որոշ երկրներ պաշտոնապես հայտարարել են, որ անհաշտ ընդդիմությանը գումար և զենք են տրամադրում։ Ես լիահույս եմ, որ նմանատիպ փաստերը կընկնեն դիտորդների հաշվետվության հիմքում։ Այժմ կարևոր է հետևել Քոֆի Անանի ծրագրին։ Առավելևս, որ այն ստացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը։ Սակայն կցանկանայի մտահոգություն հայտնել այն կապակցությամբ, որ մի շարք երկրներ, որոնք ստորագրել են ծրագրի տակ, ինչպես նաև նրանք, ովքեր պաշտոնական մակարդակով աջակցել են ծրագրին, միևնույն ժամանակ շարունակում են հրահրել ընդդիմությանը»։

Որոշ փորձագետներ կարծում են, որ դիտորդական առաքելությունը կարող է ձախողվել։ Այստեղ բավական է հիշել, որ ԱՊԼ դիտորդական խմբի համանման հաշվետվությունն այդպես էլ չներկայացվեց ՄԱԿ-ի քննարկմանը։ ԱՊԼ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ մի շարք պետությունների ներկայացուցիչներ այն անտեսեցին, ու պատճառն այն էր, որ փաստաթուղթը օբյեկտիվ գնահատական էր տալիս Սիրիայի իրադարձություններին։ Մասնավորապես՝ խոսքը սիրիական կոնֆլիկտում կառավարական զորքերի՝ ոչ թե խաղաղ ցուցարարներին, այլ զինված խմբավորումներին (որոնք իրենք են հաճախ կրակ բացում կառավարամետ ցույցերի մասնակիցների ուղղությամբ) դիմակայելու մասին է։

Այդ ժամանակվանից ի վեր պատկերը հազիվ թե փոխված լինի։ Ու այս իսկ պատճառով ՄԱԿ-ի դիտորդների հաշվետվությունը միանգամայն կարող է կրկնել նախորդ փաստաթղթի ճակատագիրը, կարծում է Կոնստանտին Սիվկովը․ «Ես չեմ կասկածում, որ նման սցենարը կարող է իրականություն դառնալ։ Սիրիայի կոնֆլիկտը պատվիրված է։ Այն նպատակաուղղված է ներկայիս իշխանություններին արևմտամետ վարչակարգով փոխարինելուն։ Ու նման պայմաններում պետք է հասկանալ, որ դիտորդների գործունեության արդյունքները, եթե դրանք ձեռնտու չլինեն մի շարք պետությունների, կարող են փորձել թողնել առանց պաշտոնական քննարկման։ Բայց բանն այն է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ թե Արաբական պետությունների լիգայի, այլ, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի առաքելության հետ։ Եվ հենց այնպես անտեսել նրա հաշվետվությունը շատ բարդ կլինի։ Բացի այդ՝ դիտորդական առաքելության արդյունքները չճանաչելը կամ դրանց քննարկումից հրաժարվելը հղի է ՄԱԿ-ի որակազրկմամբ՝ որպես միջազգային կազմակերպություն»։

Վերլուծաբանները նշում են, որ Սիրիայի՝ 2011թ. մարտին սկսված ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հաջորդ քայլը պետք է լինի ոչ միայն բռնության դադարեցման ռեժիմի վերահսկողությունն ու ամրապնդումը, այլև երկխոսության սկիզբը։