Ճակատագրական սոցիոլոգիա

Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացան և «Գելափ» կազմակերպությունը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Հայաստանի բնակչության նախընտրական տրամադրությունների վերաբերյալ հարցում են անկացրել, որի արդյունքները ներկայացվեցին այսօր:

Ըստ այդմ՝ հարցվածների 34%-ը իրենց ձայնը տալու է ՀՀԿ-ին, 28%-ը՝ ԲՀԿ-ին, 9%-ը` ՀԱԿ-ին, 6%-ը՝ ՕԵԿ-ին, 5%-ը՝ ՀՅԴ-ին և 3%-ը՝ «Ժառանգությանը»:

Հարցման արդյունքները մի շարք հարցերի տեղիք են տալիս:

Նախ, հետաքրքիր է, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է ավելի քիչ քվե՝ 32%, այն դեպքում, երբ երկրում բավական բարձր տնտեսական աճ կար, քաղաքական դաշտում ՀՀԿ-ն ըստ էության հզոր հակառակորդներ չուներ՝ ԲՀԿ-ն նորաստեղծ կուսակցություն էր, Տեր-Պետրոսյանը դեռ չկար ասպարեզում, ՀՅԴ-ն սուր հակադրություններ չուներ իշխանությունների հետ, իսկ ՕԵԿ-ը չափազանց թույլ էր: Միակ ընդդիմությունը, կարելի է ասել, «Ժառանգությունն» էր, որը որևէ վտանգ չէր ներկայացնում: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ դժվարություններով հագեցած վերջին հինգ տարիներին ՀՀԿ-ի հեղինակությունը նվազելու փոխարեն աճել է:

Հաջորդ ուշագրավ հանգամանքը վերաբերում է ՕԵԿ-ին, որի վարկանիշը (6%) բարձր է ՀՅԴ-ի վարկանիշից (5%): Ստացվում է, որ այս ընթացքում պետական դավաճանությունից մինչև սեփական ընտրողին խաբելու մեջ մեղադրվող և ՀՀԿ կցորդ համարվող կուսակցությունը ավելի մեծ վարկանիշ ունի, քան կայուն էլեկտորատ ունեցող ՀՅԴ-ն, որի վարկանիշը կոալիցիայից դուրս գալուց հետո տրամաբանորեն պետք է աճած լիներ, քանի որ այդ կուսակցությունը ակամա խուսափեց տնտեսական ճգնաժամի մեղադրանքները կիսելու պատասխանատվությունից:

Աբսուրդ է նաև, որ ՕԵԿ-ի վարկանիշը գրեթե կրկնակի բարձր է «Ժառանգության» վարկանիշից: Որքան էլ «Ժառանգությանը» մեղադրում են իշխանությունների հետ համագործակցելու մեջ, միևնույնն է, այն դեռ չի արժանացել ՕԵԿ-ի տխուր ճակատագրին:

Հարցման ամփոփագրում նշվում է, որ սխալի չափը 3,1 տոկոս է: Հիմա, եթե հաշվի առնենք սխալի այդ չափը, ապա հարցումների տվյալներով շատ դժվար է որոշել, թե որ կուսակցությունն է առաջատարը: Իսկ հարցման արդյունքում ներքևի հորիզոնականներում հայտնված կուսակցությունների դեպքում մեծ խառնաշփոթ է առաջանում: Ասենք՝ նույն ՕԵԿ-ը 3,1-տոկոսանոց սխալի դեպքում կարող է հավասարվել 9-տոկոս ունեցող ՀԱԿ-ին, իսկ 3-տոկոսանոց «Ժառանգությունը», կարող է 1 տոկոսից էլ քիչ ձայն ստանալ: Փաստորեն, 3,1 տոկոս սխալի չափը Հայաստանի պարագայում կարող է ճակատագրական լինել հարցման որակի տեսանկյունից:

Հետաքրքիր է, թե որքանո՞վ են հարցումների վերջնական տվյալների վրա ազդել հայկական ընկերության ներգրավվածությունն ու պատվիրատուի ցանկությունները:

Մեկնաբանել