Ռուսական չարաբաստիկ MMM բուրգը` Հայաստանում

Հայաստանում սկսել է գործել «MMM 2011 ֆինանսական բուրգ» սխեման (Սերգեյ Մավրոդիի 1990-ականների սկզբից չարաբաստիկ «MMM ֆինանսական բուրգի» նոր տեսակը), և այն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված չէ։ Ըստ ԿԲ-ի այսօր տարածած հայտարարության` սխեմայում ներգրավված գումարների վերադարձը որևէ կերպ չի երաշխավորվում:

Սխեմայի կիրառման հիմնական սկզբունքն է՝ մասնակցի ներդրած միջոցների բարձր տոկոսադրույքներով վերադարձը նոր մասնակիցների միջոցների ներգրավման հաշվին: ««MMM 2011 ֆինանսական բուրգը» որևէ առնչություն չունի Հայաստանի ֆինանսական շուկայի, դրանում ծավալվող ֆինանսական օրինաչափ հարաբերությունների հետ»,-նշված է ԿԲ-ի հայտարարությունում։ Ըստ դրա՝ Հայաստանում ֆինանսական ծառայություններ, այդ թվում` միջոցների ներգրավման հրապարակային գործընթացն իրավասու են իրականացնել բացառապես լիցենզավորված՝ կարգավորման ու վերահսկողության դաշտում գործող ֆինանսական կազմակերպությունները։

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ առաջարկված սխեմայում ներգրավվելու դեպքում առկա է իրական վտանգ, որ քաղաքացիները կկրեն էական ֆինանսական, գույքային և այլ նյութական վնասներ: Կենտրոնական բանկը քաղաքացիներին ու կազմակերպություններին հորդորում է ձեռնպահ մնալ այս և նմանատիպ այլ վտանգավոր ու խիստ ռիսկային ֆինանսական բուրգերում մասնակցությունից:

Մեկնաբանել