Apple նպատակ ունի արտադրել մատչելի iPad mini պլանշետ

Apple ընկերությունը 2012թ-ի աշնանը կթողարկի, այսպես կոչված, «iPad mini» պլանշետային համակարգիչը: Ըստ չինական մամուլում տարածվող լուրերի` վերջինս գալիս է մրցակցելու մատչելի արժողությամբ Android և ապագա Windows 8 օպերացիոն համակարգերով աշխատող պլանշետների հետ:

Ինչպես նշում են լրագրողները, այս տեղեկությունը տարածվել է Foxconn ընկերության գործարանից: Հիշեցնենք, որ Apple-ի սարքավորումներն արտադրվում են Foxconn-ի գործարաններում:

Վերլուծաբանների խոսքով, ընկերությունը դժվար թե ընդամենը մատչելի պլանշետների հետ մրցակցելու համար գնա նոր պլանշետի ստեղծման քայլին: Որպես փաստարկ վերլուծաբանները հիշեցնում են, որ Apple-ը չստեղծեց էժանագին iPhone մատչելի հեռախոսների հետ մրցակցելու համար: Նրանք կարծում են, որ Apple-ն ունի հստակ ռազմավարություն և նման քայլի կարող է դիմել միայն այն ժամանակ, երբ իմանա, որ վաճառելու է միլիոնավոր նման սարքեր:

Հնարավոր է, որ հենց Apple-ն է այս լուրերը տարածողը: Ըստ երևույթին, ընկերությունը ցանկանում է պարզապես փորձարկել մարդկանց արձագանքը:

Մեկնաբանել