Վլադիմիր Կարապետյանի բողոքն ընդդեմ Սամվել Ֆարմանյանի

Թիվ 2 ԸԸՀ-ում այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որտեղ լսվել է նույն ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության մեծամասնական թեկնածու Վլադիմիր Կարապետյանի լիազոր ներկայացուցչի բողոքն ընդդեմ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ֆարմանյանի: Ինչպես տեղեկացնում են Ֆարմանյանի նախընտրական շտաբից, ապրիլի 14-ին Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պ. Հովակիմյանը դիմել էր թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ նշելով, որ թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը խախտել է ՀՀ Ընտրական օրեսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Համաձայն դիմումի` մասնավորապես 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, Ջրվեժ թաղամասի բազմաբնակարան շենքերի պատերին փակցված են Սամվել Ֆարմանյանի երեք տասնյակից ավելի քարոզչական պաստառները: Դիմումում նաև նշված էր, որ ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետի՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով, ինչը, այս դեպքում, բացակայում է:

Կողմերի փաստարկները լսելուց հետո թիվ 2 ԸԸՀ-ն որոշել է մերժել  Կարապետյանի լիազոր ներկայացուցչի բողոքը: Այս որոշումը հանձնաժողովը պատճառաբանել է այն հանգամանքով, որ թեկնածու Սամվել Ֆարմանյանը ստացել էր համատիրությունների և համայնքի ղեկավարի՝ օրենքով սահմանված համաձայնությունները, հետևաբար` ՀՀ ԸՕ 20-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մասին խոսք լինել չի կարող: