Ժամանակավոր արվեստ

Սթրիթ արտը Երևանյան փողոցներում

Երևանում ապրիլի 20-ին պաշտոնապես կմեկնարկի նոր նախագիծ, որը կիրականացվի «Երևան` գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» ծրագրի շրջանակներում: «Բի Բի Մեդիա» կրեատիվ գովազդի կազմակերպությունը ծրագրի համակարգողներին դիմել է «Գրաffiti» նախաձեռնությամբ և համաձայնություն ստացել քաղաքի տարբեր վայրերում սթրիթ-արտ ոճի պատկերազարդումներ իրականացնել:

Մեկ շաբաթվա ընթացքում մի խումբ երիտասարդ նկարիչներ և ուսանողներ Երևանի կենտրոնական փողոցների պատերին պատկերելու են հայկական ու համաշխարհային գրողների դիմանկարները:

Ըստ կազմակերպիչների`նախագիծը ուղղված է գրքի և գրականության հանդեպ երիտասարդների հետաքրքվածության խթանմանը և քաղաքացիական մասնակցությանը «Երևան` գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» նախագծին:

Սթրիթ արտը կամ փողոցային արվեստը տասնյակ տարիներ առաջ ձևավորված շարժում է: Այն վաղուց դադարել է վանդալիզմի ակտ համարվել, զարգացում է ապրել, ունի սեփական կուռքեր, լեգենդար գործիչներ, երկրպագուների բանակ:

Երևանյան «Գրաffiti» նախագիծն իրականում արդեն մեկնարկել է, քանի որ այս շաբաթ երիտասարդ նկարիչները կենտրոնական փողոցների մի քանի կամարանցումներում հասցրել են պատկերել Էռնեստ Հեմինգուեյի, Եղիշե Չարենցի, Ժան Պոլ Սարտրի,Էդգար Պոյի և Պարույր Սևակի դիմանկարները: Նկարիչ-կերամիստ Շուշան Դանիելյանը, որը ներգրավված է այս նախագծում, ասում է, որ ամենատարբեր կարծիքների է հանդիպում աշխատելիս: «Հիմնականում հետաքրքրվում են: Բայց երեկ, օրինակ, մի կին դժգոհեց, որ Չարենցին այս կեղտոտ անկյունում ենք որոշել նկարել»,- նշում է նա:

Իրականում, սթրիթ արտը ձգտում է առավելագույնս միախառնվել քաղաքի կերպարին: Այս ուղղության նկարիչներն իրենց ստեղծագործություններում «օգտագործում են» հին կամ լքված, կիսաքանդ շինությունները, շենքերի ուրվագիծը: Ճաքը կամ կիսաքանդ պատը կարող են դրդել կերպարի ստեղծմանը, դառնալ նկարի դետալ: Այդպես եղավ Պարույր Սևակի դիմանկարը ստեղծելիս: Նկարիչն այստեղ օգտագործել է պատի անհարթությունները, ավելացրել նորերը և ազդեցիկ մի կերպար կերտել:

3D գրաֆիկ մասնագետ Կարեն Մովսիսյանը, որն օգնել է Շուշանին Էդգար Պոյի դիմանկարի ստեղծման ընթացքում, ասում է, որ սթրիթ արտիստը երբեք չի պատկերազարդի առանց այն էլ գեղեցիկ, առավել ևս մշակութային արժեք ներկայացնող շինություն: «Ինձ դուր է գալիս, որ տգեղ մասերը կարելի է գեղեցկացնել, հետաքրքիր լուծում գտնել»,- ասում է նա:

Սթրիթ արտի գլխավոր կանոններից մեկը տարածքը ոչ թե բռնազավթելն է, այլ անցորդին երկխոսության հրավիրելը, նրա ուշադրությունն ու մտքերը գոնե մի պահ այլ ուղղությամբ տանելը: Համաձայնենք, որ այս տեսակ արվեստն ընդունակ է տրամադրություն ստեղծել: Ընդ որում` դրա համար պետք չէ պատրաստվել, ծրագրել, տոմս գնել ու թանգարան գնալ: Այն անսպասելի է, և միգուցե հենց այդ պատճառով ազդեցիկ:

Մինչ այժմ աշխարհի ոչ մի թանգարանում կամ ցուցասրահում գոյություն չունի սթրիթ արտին նվիրված բաժին, հավաքածու: Մինչդեռ այս ուղղության հետևորդները ստեղծել են սեփական տեխնիկա, գեղագիտություն: Նրանց աշխատանքները հաճախ բացի աչք շոյելուց գաղափարական, իմաստային ուղերձ են կրում, որը վաղ թե ուշ անէանում է ներկի շերտի կամ ապամոնտաժված շինության փլատակների տակ:

Մեկնաբանել