Կոալիցիան քանդել կոալիցիայով

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետորսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով ԲՀԿ-հետ համագործակցության հնարավորության մասին հարցին, ասել է. «Բնականաբար, անկախ այն բանից, թե մենք ինչ հակասություններ ենք ունեցել Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճի» հետ, այո, մենք նրանց ժամանակին շատ խիստ քննադատել ենք, բայց քանի որ այսօր այդ կուսակցությունները փաստորեն դուրս են եկել Հանրապետական կուսակցության մենիշխանության դեմ, քաղաքական տգիտություն, անգրագիտություն և դավաճանություն կլինի այս ժողովրդի նկատմամբ, եթե մենք այդ հնարավորությունը չօգտագործենք և չազատվենք Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի միապետությունից»:

Սրանով, փաստորեն, Լևոն Տեր-Պետորսյանը ըստ էության քաղաքական դաշտը կրկին բևեռացնում է՝ մի մասում Սերժ Սարգսյանի հետ համագործակցողներն են, մյուս մասում՝ Սերժ Սարգսյանի տիրույթից դուրս խաղացողները: Առաջին նախագահը փաստացի անկախ խաղացողներ է համարում ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին,  ՀՅԴ-ին և «Ժառանգությանը»: Ուշագրավ է, որ վերջին շրջանում իշխանության հետ համագործակցության մեջ մեղադրվող «Ժառանգությանը» Լևոն Տեր-Պետորսյանը դասում է անկախ խաղացողների շարքում: Հնարավոր է, որ «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից դաժանորեն քննադատվող ՀԱԿ առաջնորդը այս քայլով փորձում է առայժմ վերջնականապես չայրել կամուրջները այդ կուսակցության հետ:

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև անուղղակիորեն հայտարարում է, որ ընտրությունների հանրային վերահսկման շտաբը, ըստ էության, որպես գործիք է ծառայելու ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի միապետությունը տապալելու համար: ՀԱԿ առաջնորդը ակնարկում է, որ ազատ և արդար ընտրությունները հակադրվում են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի շահերին:

Փաստացի ՀԱԿ առաջնորդը, հիմքում դնելով ընտրությունների վերահսկման գաղափարը, հայտարարում է, որ ձևավորվել է կոալիցիա ընդդեմ Սերժ Սարգսյանի մենիշխանության: Լևոն Տեր-Պետրոսյանը այս քայլով էականորեն փոխում է իր մոտցումները քաղաքական ուժերի միջև համագործակցության ձևաչափի և սկզբունքների առումով: Եթե 2007թ. առաջին նախագահը առաջարկում էր իր ասած «ավազակապետությունը» կազմաքանդել ուղղահայաց դաշինքով, որում ընդգրկված ուժերը անվերապահորեն պետք է ընդունեին իր թիմի կամ ավելի ճիշտ՝ անձի գերակայությունը, ապա հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդեմ ՀՀԿ-ի առաջարկում է հորիզոնական համագործակցության մոդել, որի անդամները պետք է գործեն հավասարը հավասարի սկզբունքով՝ առանց սեփական շահերի ստորադասման հանուն ընդգծված որևէ լիդերի կամ քաղաքական ուժի:

Պարզ ասած՝ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է կոալիցան քանդել կոալիցիայով: