Եվրոպայում ժողովրդավարություն չկա․ Բրեյվիկ

Իր ելույթը Բրեյվիկը սկսել է հայտարարությամբ, թե անցյալ տարվա հուլիսի 22-ին «իրականացրել է քաղաքական ամենաճկուն ու տպավորիչ հարձակումը Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր»։ Նրա խոսքով՝ միայն նման մեթոդներով կարելի է փոխել առկա համակարգը, որում բնիկ եվրոպացիները, ըստ էության, փոքրամասնություն են ու երկրորդ կարգի մարդիկ։ «Միթե՞ Նորվեգիայում ժողովրդավարություն գոյություն ունի։ Մարդկանց անգամ հանրաքվեի միջոցով չհարցրին՝ ուզում են նրանք արդյոք, որ երկրիրը բազմամշակութային դառնա»,- ասել է ահաբեկիչը։ Ընդ որում՝ նա նշել է, որ Եվրոպայի առաջատար երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները, արդեն խոստովանել են բազմամշակութայնության ձախողումը, իսկ նորվեգական իշխանությունները մինչ օրս համառում են։

Բրեյվիկը հայտարարել է, որ չի վախենում բանտում հայտնվելուց, քանի որ «ծնվել է բանտում, որի անունն է Նորվեգիա»։ Ահաբեկչի խոսքով՝ հնարավորության դեպքում ինքը կկրկներ այն ամենը, ինչ արել է, քանի որ առաջնորդվել է «ոչ թե չար, այլ բարի մղումներով»։

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը նախ պայթյուն իրականացրեց Օսլոյի կառավարական թաղամասում, ապա գնդակահարեց Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցներին Ուտոյա կղզում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 77 մարդ։

Բրեյվիկի գործով դատական գործընթացը սկսվել է երեկ։ Ակնկալվում է, որ դատավճիռը կկայացվի հունիսի վերջին։