Բնակչության 50%-ի կարծիքով Հայաստանը սխալ ուղու վրա է

«ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը հրապարակել է հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագրի արդյունքները, որի նպատակն էր ուսումնասիրել և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները, հետևել խորհրդարանական ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկան:

Ծրագիրն իրականացրել են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան, The Gallup ընկերությունը: Հանրային կարծիքի հարցման առաջին փուլն անցկացվել է ապրիլի 4-10-ը Երևանում և Հայաստանի 10 մարզերում 18 ու ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում, ովքեր ունեն ընտրելու իրավունք: Այս փուլում 1018 բնակչի հետ անցկացվել է հարզացրույց նրանց տանը՝ դեմ առ դեմ:

Հարցման հիմնական ուղղություններն են եղել՝ տրամադրվածությունը Հայաստանի բռնած ուղղու նկատմամբ, բնակչության խնդիրները, կարծիքը միջազգային կառույցների մասին, քաղաքական հայացքները, ընտրություններին մասնակցելու ցանկությունը, վստահությունը ընտրությունների նկատմամբ:

Բնակչության տրամադրվածությունը պարզելու համար տրվել է հետևյալ հարցը՝ «Ինչ եք կարծում, Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, թե սխալ»: Հարցվածների 43%-ը կարծում է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ 50%-ը՝ սխալ, մնացյալ 4%-ը չգիտի կամ պատասխան չունի այս հարցին: Այս նույն հարցին պատասխանել են նաև մի շարք կուսակցությունների սատարող քաղաքացիներ:

ՀՀԿ-ի կողմնակիցների կարծիքով, Հայաստանը 77%-ով ճիշտ ուղղու վրա է: Միայն 22%-ը հակառակ կարծիքն ունի: ՕԵԿ սատարողների 42%-ը դրական է համարում Հայաստանի բռնած ուղին, իսկ 48%-ը՝ բացասական: «Ժառանգության» աջակիցների 83%-ը, ՀԱԿ սատարողների 87%-ը, ՀՅԴ աջակիցների 73%-ը գտնում է, որ Հայաստանը սխալ ուղղու վրա է:

Պետք է ընդգծել, որ հարցվածներից գյուղական համայքների բնակիչների 56%-ը կարծում է, որ Հայաստանը ճիշտ ուղով է շարժվում, իսկ երևանցիներից այս կարծիքին է միայն 38%-ը:

Որքանով է ձեզ բավարարում այն ուղին, որով զարգանում է ժողովրդավարությունը Հայաստանում հարցին քաղաքացիների 12%-ը պատասխանել է, թե բավարարված է դեմոկրատիայի զարգացման ուղով, 35%-ը մասամբ է բավարարված, 30%-ը՝ մասամբ չբավարարված է, 22%-ը՝ ընդհանրապես բավարարված չէ, իսկ 1%-ը այս հարցին պատասխան չունի: Պետք է նշել, որ հարցվածներից 18-29 տարեկանների միայն 12%-ը և 30-49 տարեկանների 16%-ն է բավարարված Հայաստանում զարգացող դեմոկրատիայի ուղով, իսկ 50 և ավելի բարձր տարիքի մարդկանցից միայն 7%-ին է բավարարում դեմոկրատիան:

Կուսակցություններ սատարողների շրջանում ամենաբավարարվածը ՀՀԿ-ցիներն են՝ 27%, իսկ ամենաանբավարարվածը՝ ՀԱԿ-ի սատարողները՝ 58%: ՕԵԿ-ի աջակիցների շարքում ՀՀ ժողովրդավարության զարգացման ուղով լիովին բավարարվածներ չկան, միայն 38%-ը մասամբ է բավարարված:

Մեկնաբանել