ՀՀ դրամաշրջանառության պատմության ցուցահանդես` Աշտարակում

Աշտարակում այսօր բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» խորագրով ցուցահանդես, որը Արագածոտնի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև կենտրոնական բանկի գործունեությունը: Ինչպես տեղեկացնում են ԿԲ-ից, ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 23-ը, որին մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի խոսքով` ցուցահանդեսը երկու նպատակ է հետապնդում. ճանաչողական՝ հանրությանը ներկայացնել Հայաստանի դրամանիշերի պատմությունը, և կրթական՝ մարդկանց ծանոթացնել կենտրոնական բանկի գործունեությանը, հիմնական ֆինանսատնտեսական հասկացություններին: Նա ասել է, որ այսօր հրամայական է դառնում բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայություններին ծանոթ լինելը դրանցից լիարժեք օգտվելու համար:

Երևանի դպրոցականներն այցելում են կենտրոնական բանկ և ծանոթանում բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նման հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են  կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Գավառում: