Աշոտյանի մեսիջները

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դադարեցնելով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները, ակնարկում է, որ իր համակարգը վերադասի նկատմամբ չի ընդունում որևէ տիպի քննադատություն: Նման պահվածքի համար հիմք կարող է ծառայել երկու հանագամանք. կա՛մ վերադասը այնքան անսխալական է, որ քննադատողները միայն կարող են վնասել ընդհանուր գործին, կա՛մ էլ ԿԳ նախարարը ինքնավստահության այնքան մեծ պակասորդ ունի, որ մահու չափ սարսափում է քննադատողներից: Արմեն Աշոտյանի մասով հաստատապես կարելի է ասել, որ նրա գործունեությունը, մեղմ ասած, շատ հեռու է անսխալականությունից:

Արդարացի կլիներ սպասել մինչև դատական կարգով լուծում կտրվեր նախարար Աշոտյանի և ռեկտոր Զոլյանի վեճին, որից հետո պարտվող կողմը, թեկուզ և բարոյական սկզբունքներից ելնելով, հրաժարական կներկայացներ: Սակայն Աշոտյանը, առաջ ընկնելով դատարանից, որոշում կայացրեց: Դրանով նա երկու մեսիջ հղեց իր ղեկավարած համակարգին և հասարակությանը։

Առաջին, գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան վեր է կանգնած դատարանից և հարցեր կարող է լուծել իր աչքաչափով, այլ ոչ թե օրենքներով:

Երկրորդ, փաստացի Աշոտյանը Զոլյանի՝ այսպես ասած «մինի ապստամբությունը» փորձում է խեղդել օրորոցում՝ մյուս բուհերի ղեկավարներին հասկացնելով, որ հանկարծ մտքներով չանցնի կրկնել Զոլյանի օրինակը: