Ստացվել է ընտրական իրավունքի խախտման 7 գրավոր հաղորդում

                                                        

«2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին առնչվող Հայաստանի Հանրապետության գլխավոր և զինվորական կենտրոնական, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների,  մարզերի և կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումների ընդունման, գրանցման ու քննարկման ընթացքի վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ընդունման, գրանցման, քննարկման աշխատանքները համակարգելու, այդ ոլորտում դատախազական հսկողության արդյունավետությունը և միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի  2012թ. մարտի 23-ի թիվ 6 հրամանի համաձայն, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ: 

Հրամանի համաձայն՝ ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազությունների կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին հանձնարարվել է նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի, դրանց ընթացքի մասին հաղորդումներ ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, իսկ աշխատանքային խմբի ղեկավարին` յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ օրը, մինչև ժամը 11:00-ն, ամփոփ տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին: 

Հրամանի 4-րդ կետով հանձնարարվել է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավոր խորհրդականին և գլխավոր դատախազի մամուլի քարտուղարին` ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները և դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբին` սահմանված կարգով քննարկելու և արդյունքների մասին համապատասխան լրատվության միջոցներին հաղորդումներ ուղարկելու համար: 

Սույն տեղեկանքում արտացոլված են Հայաստանի Հանրապետության գլխավոր և զինվորական կենտրոնական, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներն ու դիմումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ դատախազության կողմից ուսումնասիրված լրատվության միջոցներում տպագրված նյութերը.

1. 2012թ. մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է եղել Էջմիածին քաղաքի թիվ 19 ընտրատարածքում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանի դիմումն այն մասին, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել  քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, մինչդեռ իր ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սեդրակ Սարոյանը տևական ժամանակով, որն ընդգրկում է 2010թ. մայիսի 15-ից մինչև 2011թ. նոյեմբերի 30-ը, բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, սակայն թիվ 19 ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովին է ներկայացրել փաստաթղթեր, որ իբր վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում: 

Հեղինակը դիմումում նշել է նաև, որ նույն կերպ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուներ են գրանցվել Խաչիկ Սուքիասյանը և Է.Մադաթյանը, որոնք նույնպես տևական ժամանակով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից: Դիմումատուն խնդրել է քննարկել Ս.Սեդրակյանին ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցելու հարցը և ձեռնարկել համապատասխան միջոցներ: 

Նկատի ունենալով, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու հարցի քննարկումը վերապահված է ընտրական հանձնաժողովին, Հ.Հակոբյանի դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչի մասին հայտնվել դիմումատուին:  

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2012թ. մարտի 24-ի որոշմամբ ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասությունների շրջանակում ԱԺ պատգամավորության թեկնածու Սեդրակ Սարոյանի` որպես պատգամավորության թեկնածուի գրանցման հարցը քննարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասով` վերահասցեագրել է թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որի 2012թ. մարտի 27-ի թիվ 6-Ա որոշմամբ Հ.Հակոբյանի դիմումը մերժվել է: 

2. 2012թ. մարտի 26-ին ՀՀ գլխավոր դատախազություն մուտք է եղել Ռուբեն Թորոսյանի 2012թ. մարտի 24-ի Ը-049 հաղորդումն այն մասին, որ ՀՀ վարչապետը, խախտելով գործող օրենսդրության պահանջները, քարոզչություն է իրականացրել՝ օգտագործելով պետական միջոցները: 

Հաղորդումում նշվել է նաև, որ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ քարոզչություն են իրականացրել «Համերաշխություն», «ՄԱ», «ԺԱ», «ՍԻՄ» կուսակցությունները, օտարերկրյա կազմակերպությունների անունից ԵԺԿ նախագահը՝ հօգուտ ՀՀԿ-ի, Լուռու մարզպետը՝ հօգուտ իր  կուսակցության շահերի, իսկ ՀՀ վարչապետի մարզերում անցկացրած քարոզչական հանդիպումները հեռարձակվել են հեռուստաընկերություններով, ինչով խախտվել է իր ընտրական իրավունքն ու անցանկալի ազդեցություն  ունեցել իր կամքի ազատ արտահայտման վրա:

Նշվել է, որ ՀՀԿ-ի ղեկավարն անդամատոմսեր և կրծքանշաններ է հանձնել մի շարք անձանց, այդ թվում` Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ղեկավարին, ինչը նույնպես հեռարձակվել է եթերով, Հանրային ռադիոյով, և այդ մասին տեղեկատվություն է տարածվել «Արմենպրես»-ով, և ՀՀԿ-ի վերջին համագումարում ՀՀԿ Նախագահի քարոզչական ելույթն ու ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ՀՀԿ անդամատոմսերի հանձման միջոցառման մասին տեղեկությունները հրապարակվել են ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում, իսկ Հանրային հեռուստաընկերությունը, խախտելով «Հեռուստատեսրության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները,  իրականացրել է քարոզչություն, հեռարձակելով «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» եվրոպական կազմակերպության սոցիալական հարցման արդյունքները: 

Նկատի ունենալով, որ ստացված հաղորդումը հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Ռ.Թորոսյանի դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչի մասին հայտնվել է դիմումատուին:  

Վերոնշյալ փաստարկների մասին դիմումատուն նշել էր նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասցեագրած իր նախորդ դիմումներում, որոնք, քննարկման արդյունքներով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով մերժվել էին, իսկ միևնույն առարկայի և միևնույն հիմքերով ներկայացված դիմումներով (բողոքներով), որոնց քննությամբ առկա են եղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումներ, վարչական վարույթները կարճվել են: 

3. 2012թ. ապրիլի 2-ին ՀՀ գլխավոր դատախազություն մուտք է եղել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի դիմումն այն մասին, որ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` ընտրողների թիվը 2 մլն 482 հազար է, այսինքն` Հայաստանում ընտրողների թիվն ավելացել է մոտ 170.083-ով, այն դեպքում, երբ մարդահամարի տվյալներով, ըստ որոշ լրատվամիջոցների հրապարակումների, Հայաստանում բնակչության թիվը մոտ 100 հազարով նվազել է, և սովորաբար ընտրողների թիվը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 60-65 տոկոսը, որը Հայաստանում կկազմի մոտ 1,6 մլն մարդ: 

Դիմումի հեղինակի գնահատմամբ ընտրացուցակներում տեղ գտած տվյալներն ուռճացված են, ինչի կապակցությամբ խնդրել է ստուգել ընտրացուցակներում արտացոլված տվյալների իսկությունը և դրանց տալ իրավական գնահատական: 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի` 2012թ. ապրիլի 15-ի գրությամբ հայտնվել է, որ 2008թ. փետրվարի 18-ի` ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվել է 2.311.917 ընտրող, իսկ 2012թ. մայիսին 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար` 2.482.000 ընտրող, այսինքն` 170.083-ով ավելի, ինչը պայմանավորված է եղել նրանով, որ 2012թ. ապրիլի  15-ի դրությամբ ընտրացուցակներում ընդգրկվել է 359.614 ընտրող, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թվականի` ՀՀ Նախագահի ընտրությունների ցուցակներում:

Այսպես` 185.236 ընտրողների 18 տարին լրացել է 2008թ. փետրվարի 19-ից հետո, իսկ 174.378 ընտրողներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառել են 2008թ. փետրվարի 18-ից հետո: Նշված թվով ընտրողներ բնակչության պետական ռեգիստրում գրանցվել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում (2007թ. ՀՀ քաղաքացիություն է ընդունել 223 օտարերկրյա քաղաքացի, իսկ 2008 թվականից մինչև 2011 թվականը` 27.780 օտարերկրյա քաղաքացի), պետական նպաստներ ստանալու նպատակով (ՀՀ Կառավարության` 2010թ. դեկտեմբերի 23-ի թիվ 1763-Ն որոշմամբ նպաստառու ընտանիքի կազմը որոշելու համար սոցիալական ծառայություն ներկայացվող փաստաթղթերի շարքում սահմանվել է նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պահանջը` նախկին բնակության վայրից տեղեկանքների փոխարեն):

Բացի այդ, զգալի թվով քաղաքացիներ հաշվառվել են բնակչության պետական ռեգիստրում` «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի և նշված օրենքի 7-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ՀՀ ոստիկանության պետի 2008թ. օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանով սահմանված պահանջներից ելնելով, որի համաձայն` անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:

2008թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված թվով 188.626 ընտրողներ չեն ընդգրկվել 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ցուցակներում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից հանվելու կապակցությամբ, այդ թվում` 122.434 անձի մահվան պատճառով:

Այսպիով, վերոնշյալ դիմումի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. փետրվարի 19-ից հետո ընտրողների ռեգիստրից դուրս եկած և նոր ընդգրկված ընտրողների քանակական տարբերությունը 2012թ. ապրիլի 15-ի դրությամբ համապատասխանում է փաստացի վիճակին:  Վերոգրյալի մասին հայտնվել է նաև դիմումի հեղինակին:

4. 2012թ. ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, «ԷԳԱ» ՍՊ ընկերության  հետ կնքված պայմանագրի համաձայն, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում, «ՎԻՎԱ» խանութի դիմաց գտնվող վահանակի վրա իր գովազդային պաստառը տեղադրելու ժամանակ եկել է Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը, սպառնալիքներ տվել պաստառը տեղադրող երկու աշխատակիցներին և չի թույլատրել այն տեղադրել: 

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում  նախապատ-րաստվում են նյութեր: 

 5. 2012թ. ապրիլի 15-ին` ժամը 19:40-ին, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:40-ի սահամաններում, անհայտ անձինք Երևան քաղաքի Սվաճյան փողոցի 44 շենքի 1-ին հարկի շքամուտքում ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին՝  պատճառելով մարմնական վնասվածքներ:   Բացի այդ, նույն օրը ՀՀ ոստիկանության  Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել նաեւ  «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ  քթի վնասվածքով բուժօգնության է դիմել Բաբկեն Գարոյանը:

Փաստի առթիվ 2012թ. ապրիլի 16-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն, որոշում է կայացվել Բ.Գարոյանին տուժող ճանաչելու մասին:   Գ.Առուստամյանը հայտարարել է, որ մարմնական վնասվածքներ չի ստացել՝ հրաժարվելով ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:

Նախաքննության ընթացքում՝ 2012 թ. ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վարդանյանը՝ հայտնելով, որ 15.04.12թ.՝ ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան 44 շենքի շքամուտքում վիճաբանել է  պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Գայանե Առուստամյանին եւ Բաբկեն Գարոյանին, ինչի հետեւանքով վերջինիս ակնոցները կոտրվել են դեմքին: Նախաքննությունը շարունակվում է:

6. 2012 թվականի 15.04.12թ.՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ն.Փաշինյանից այն մասին, որ անհայտ անձինք Սվաճյան 35 հասցեում  խոչընդոտում են իրենց նախընտրական քարոզչությանը՝ թույլ չտալով բաժանել քարոզչական նյութեր եւ նշել, որ  խոչընդոտող մարդկանց մեջ կա Հարութ անունով անձնավորություն: 

Նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ահազանգել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ հայտնել, որ Երեւան քաղաքի Սվաճյան 34 հասցեում անհայտ  անձինք խոչընդոտում են  պատգամավորի թեկնածու Ն.Փաշինյանի կողմնակիցների կողմից քարոզչական նյութերի տարածմանը: Նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել նաեւ  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի  տնօրեն Ավետիս Ավագյանից այն մասին, որ Հարավ-Արեւմտյան թաղամասում անհայտ անձինք խոչընդոտում են իրազեկման աշխատանքներին:

Հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվում են նյութեր, որի ընթացքում պարզվել է ոմն Հարութի ինքնությունը, ով հանդիսանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Հարություն Վարդումյանը:  Վերջինս, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ն.Փաշինյանը բացատրություն են տվել: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: 

7. 2012 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Սոկրատ Մկրտչյանից, որ թիվ 7 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ն.Փաշինյանի նախընտրական շտաբի կողմից ծրարներով բաժանվել են քարոզչական նյութեր՝  ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների անունով՝ մեկական օրինակով, որոնք իրենց մեջ պարունակում են զրպարտչական տեղեկություններ` թիվ 7 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներ

1. 2012թ. մարտի 27-ին «Panorama.am» կայքում «Ա.Բախշյանն ահազանգում է. ՀՀԿ-ն 8 հազար, իսկ ԲՀԿ-ն` 13 հազար է բաժանում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ Մանանդյան փողոցում ոմն Արսեն (մականունը` Այվազ)  ՀՀԿ-ի անունից 8.000 դրամ է բաժանում քաղաքացիներին` կուսակցությանը ձայն տալու համար, իսկ նույն փողոցում տեղակայված ԲՀԿ-ի գրասենյակում ոմն Վոլոդյա ԲՀԿ-ին ձայն տալու ակնկալիքով բաժանում է 13.000 դրամ:

 Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վոլոդյա Մկրտչյանը Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 17 հասցեում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ենթաշտաբի ղեկավարն է, իսկ Այվազ մականունով Արսենը` Արսեն Վիլհեմի Այվազյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Ինչպես Վ.Մկրտչյանը, այնպես էլ Ա.Այվազյանը բացատրություն են տվել, որ ընտրակաշառք չեն բաժանել, իսկ կայքում արձանագրված փաստերն իրականությանը չեն համապատասխանում: 

Անահիտ Բախշյանը բացատրություն տալու համար գրավոր ծանուցմամբ և հեռախոսագրով հրավիրվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, սակայն հրաժարվել է ներկայանալ պատճառաբանելով, որ կայքում տեղադրված փաստերի մասին իրենց գրասենյակ է հեռազանգել անհայտ անձ, որի հեռախոսի համարը չի ֆիքսվել: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել նաև Մանանդյան փողոցի թիվ 17 հասցեում գործող կտորեղենի խանութի աշխատակից Ալեքսանդր Առուշանյանից, Բագրատունյաց պողոտայի թիվ 17 հասցեում գործող արագ սննդի պատրաստման կրպակի աշխատակից Կարեն Սուքիասյանից, Մանանդյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց գտնվող «Բոլեռո» հյուրանոցի մենեջեր Հայկ Մանուկյանից, որոնք իրենց բացատրություններով հերքել են ընտրակաշառք բաժանելու հանգամանքը: 
2012թ. ապրիլի 5-ին քրեական գործ հարուցելը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 

2. «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 2012թ. մար¬տի 28-ի համարում «Լուսին, լուսին, լուսերես` քանի տոկոս կբերես» անվանմամբ հրապարակված ընտրացուցակի  կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ լիազոր մարմինը 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ընտրացուցակները ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան պատշաճ կարգով հանձնել է թիվ 9 ընտրատարածքի 9/09 ընտրական տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, սակայն ընտրացուցակները հանձնելուց մեկ ժամ անց պարզվել է, որ «Microsoft excel» ծրագրով աշխատելու ընթացքում տեխնիկական վրիպման արդյունքում թիվ 9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակներում ընդգրկված 562 քաղաքացու անուններ փոխվել են «Լուսինե» անվամբ:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը նշված անճշտությունն անհապաղ շտկել է և նույն օրը` 2012թ. մարտի 27-ին, թիվ 9/09 ընտրական տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին է հանձնել ուղղված ընտրացուցակները, իսկ տեխնիկական վրիպման հետևանքով անճշտություններ պարունակող ընտրացուցակները ոչնչացվել են:
Վերոգրյալի մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի խմբագրությանը, և 2012թ. մարտի 29-ին հրապարակված «Ոստիկանության արձագանքը «ՉԻ» հրապարակմանը» վերտառությամբ հոդվածում զետեղվել է անճշտությունն ուղղելու մասին տեղեկությունը:

3.«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը 2012թ. մարտի 29-ին եթեր է հեռարձակել  հեռուստառեպորտաժ` ըստ որի Գարեգին Նժդեհի փողոցի 35 շենքի թիվ 11 բնակարանում (թիվ 11 ընտրատարածք) գրանցված է 101 հոգի, ինչի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև մամուլում` 2012թ. մարտի 30-ին:  
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հեռարձակած տեսաերիզը ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննարկմանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնին հանձնարարվել է նախապատրաստել նյութեր:

4.«Հրապարակ» օրաթերթի 2012թ. ապրիլի 3-ի համարում հրապարակված հոդվածում նշվել է. «Արարատի մարզի Մասիս քաղաքից ստացված ահազանգի համաձայն, Հանրապետական կուսակցությունն այս օրերին ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողին` յուրաքանչյուրին խոստանալով 10 հազար դրամ: Ընտրակաշառքը խոստանում են ՀՀԿ շտաբի աշխատակիցները: Ընդ որում` նրանք ՀՀԿ-ի համար բերած յուրաքանչյուր ձայնի դիմաց ստանում են 2 հազարական դրամ: Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ ՀՀԿ շտաբում խիստ վերահսկողություն է. շտաբի աշխատակիցները պատասխանատու են, որ 10 հազարը վերցրած քաղաքացին անպայման ձայն տա ՀՀԿ-ին: Քաղաքի հանրապետական պաշտոնյաներին` դպրոցի տնօրեն, համատիրության ղեկավար և այլն, զգուշացրել են, որ եթե ՀՀԿ-ն չհաղթի, իրենք հրաժարականի դիմումներ են գրելու»: 

Հոդվածում արծարծված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում թիվ 16 ընտրատարածքի ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Գարիկ Վարդանյանի, շտաբի պետի տեղակալ Ստեփան Խաչատրյանի, ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության կազմակերպիչ Հայրապետ Հովհաննիսյանի, ՀՀԿ Մասիսի շրջանային երիտասարդական թևի ղեկավար Արմեն Կիրակոսյանի, ՀՀԿ անդամներ` Նիկոլայ Սարգսյանի և Հայկ Գևորգյանի տված բացատրություններով հերքվել է վերոնշյալ հոդվածում արծարծված փաստարկները: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել նաև Մա-սիս քաղաքում գտնվող թիվ 1-6-րդ դպրոցների տնօրենները, որոնք հայտնել են, որ «Հրապարակ» օրաթերթի` 2012թ. ապրիլի 3-ի համարում հրապարակված հոդվածում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և իրենց երբևէ որևէ մեկը նման ցուցում կամ հրահանգ չի տվել ու իրենց համար անհասկանալի է զանգվածային լրատվության միջոցներով նման հերյուրանքների տարածման նպատակը: 

2012թ. ապրիլի 6-ին Մասիսի քաղաքապետարանի տված տեղեկանքի համաձայն` Մասիս քաղաքում համատիրություններ չկան:

Նյութերի նախապատրաստման ընթացքում 2012թ. ապրիլի 3-ին գրություն է ուղարկվել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին` տեղեկություն ստանալու` խմբագրությանը դիմած քաղաքացու և ՀՀԿ-ի այն աշխատակիցների մասին, որոնք ընտրողների ձայներ բերելու համար ստանում են 2000-ական դրամ, սակայն 2012թ. ապրիլի 4-ին հիշեցման գրությունն ուղարկելուց հետո էլ գրությանը չի պատասխանվել: Հոդվածում նշված հանգամանքները պարզելու, իրավախախտում թույլ տված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվհետախուզական միջոցառումներով նույնպես հերքվել են օրաթերթի` նշված հոդվածում հիշատակված հանգամանքները, և նախապատրաստված նյութերով 2012թ. ապրիլի 11-ին քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 5. «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012թ. ապրիլի 4-ի համարում հրապարակված «Ընտրակաշառք` 25 հազար դրամ» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ Կոտայքի թիվ 27 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի պատգամավորի թեկնածու Գուրգեն Եղիազարյանը հայտնել է, որ Աբովյան քաղաքում հարյուրապետեր կան, որոնք ցուցակագրում են 100-ական մարդ` 25 հազար դրամով: 

Հոդվածում արծարծված փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

6. «Առավոտ» օրաթերթի` 2012թ. ապրիլի 5-ի համարում հրապարակված «Ձայների «պլան» են դրել» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «Առավոտի» թղթակիցն ականատես է եղել, երբ Տավուշի մարզի բնակչին է զանգահարել Երևանի բիզնես կառույցներից մեկի անվտանգության ծառայությունում աշխատող նրա որդին և հայտնել, որ աշխատավայրում, որի տերը Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներից է, իրենից 15 «ձայն են ուզել» ՀՀԿ-ի համար և պետք են 15 հոգու անձնագրային տվյալները, այլապես սպառնացել են ազատել աշխատանքից, իսկ երիտասարդի ծնողը, որը գործազուկ է, առարկել է և հայտնել. «Չեմ կարող, առանց փողի ձայն չեմ տալու, ահագին պարտքեր ունեմ»:        

Հոդվածում արծարծված փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում «Տեսանկյուն» թերթի խմբագիր, վերոնշյալ հոդվածի հեղինակ Ոսկան Սարգսյանը բացատրություն է տվել, որ լրատվության աղբյուրը չի կարող բացահայտել և հայտնել հոդվածում նշված անձանց անունները, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվհետախուզական միջոցառումների արդյունքում հոդվածում նշված հանգամանքները չեն հիմնավորվել: 

2012թ. ապրիլի 12-ին քրեական գործ հարուցելը մերժվել է` հանցագործության դեպքի  բացակայության հիմքով:

7. «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 2012թ. ապրիլի 11-ի համարում «Մարդիկ գրանցված են նաև եկեղեցու բակում և վառելիքի օբյեկտբազաներում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ Էրեբունի և Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում ընդհանուր հաշվով մի քանի հազար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ», «Վառելիքի օբյեկտ, բազա», և որպես օրինակներ` նշվել են, որ Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ հասցեում, Հայկուհի և Նարինե Նիկողոսյանները` Ավանեսովի 24-րդ փողոցի ավտոտնակում, «Հարակից շենքի հարակից ավտոտնակ» անորոշ հասցեում գրանցված է Քնարիկ Հարությունյանը, Մարինե Վարդանյանը նույնպես ավտոտնակի բնակիչ է, Արշավիր Սիմոնյանն ու Հասմիկ Սիմոնյանը դպրոցի հարակից տնակի բնակիչներ են, իսկ թիվ 12 ընտրատա-րածքի Արին Բերդի 5-րդ փողոցի նրբանցքում գտնվող «Վառելիքի օբյեկտ, բազա»  ձևակերպման տակ տեղ են գտել Լիանա Թագվորյանի և ևս 20 անձանց անուններ ու ազգանուններ, նույն ընտրատարածքի Սարմի փողոցի 103 համարի տանն էլ գրանցված է 104 մարդ:

Նշվել է նաև, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզներն ու դրանց նկարագրությունները բացարձակապես կապ չունեն ընտրատարածքների իրական աշխարհագրության հետ, և որպես օրինակ` բերվել է թիվ 12 ընտրատարածքի քարտեզի նկարագրությունը, որի մեջ է մտնում Նոր Արեշի 41-րդ փողոցը, սակայն ցուցակներում այդ փողոցում զետեղված հասցեներից ընտրողներ չկան: 

Հոդվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննարկմանը: 

 

Այսպիսով` ստացվել է 14 հաղորդում, այդ թվում` 7 հաղորդում ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներում, որոնցից` 

2-ն ուղարկվել է քննարկման ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, 

2-ին տրվել է պարզաբանում, 

1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 

3-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 

6 հաղորդումների քննարկումն ընթացքում է»,- նշված է  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պաշտոնական կայքում: