Ասանժը եթեր է տվել «Հեզբոլլահին»

Ըստ Ասանժի` սա Նասրալլահի առաջին հարցազրույցն է Արևմուտքին` սկսած 2006թ.: Եթերի զրույցն իրականացվել է տեսա-հանդիպում` հեռուստատեսային հանդիպումների համակարգչային ծրագրի միջոցով: Նասրալլահը խոսել է լիբանանյան թաքստոցից, Ասանժը` Լոնդոնից: Այս մասին հաղորդում է Lenta.ru գործակալությունը:

Հարցազրույցի ժամանակ Նասրալլահը հաստատել է, որ «Հեզբոլլահը» կոչ է արել սիրիական ընդդիմությանը Բաշար ալ Ասադի ռեժիմի հետ բանակցություններ սկսել, իսկ այն հրաժարվել է: Նա ասել է, որ «Հեզբոլլահը», որ պայքարում է Լիբանանում Իրանի օրինակով իսլամական պետություն ստեղծելու համար, օժանդակել է «արաբական գարնան» բոլոր հեղափոխություններին: Նրա մեկնաբանմամբ` Ասադի ռեժիմը մշտապես եղել է լիբանանյան ընդդիմության կողքին և չի համագործակցել Ամերիկայի կամ Իսրայելի հետ:

Իր կայքում Russia Today-ը գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրել է, որ Ասանժն ինքն էր որոշել` ով պիտի լիներ իր առաջին հյուրը: «Չեմ զարմանա, եթե այս եթերից հետո փակեն ոչ միայն Ասանժին, այլև` մեզ»,- նշել է նա:

Այս պահի դրությամբ գաղտազերծման գործում մասնագիտացված WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը RT հեռուստատեսության եթերում կվարի իր հաղորդաշարը` բաղկացած 26 րոպեանոց 10 հաղորդումներից: Ասանժը զրուցելու է մարդկանց հետ, ովքեր, ըստ նրա, «կերտելու են վաղվա օրը»:

Մեկնաբանել