Վերագործարկվել է «Էրեբունի-Երևան – 2750» շատրվանային համալիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում մասնակցել է «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի վերաբացմանը, որի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին փետրվար ամսից:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ, պահպանելով կառույցի նախնական տեսքը և չշեղվելով նախագծային լուծումներից, հիմնանորոգման ընթացքում նախ նորերով են փոխարինվել հին խողովակաշարերը, հարթեցվել, հատուկ ջրակայուն ներկով են պատվել ու կարգի բերվել ինչպես հատակն ու կողային պատերը, այնպես էլ վնասված եզրաքարերը: Քաղաքապետին արդյունքը գոհացրել է. «Ավելի քան 40 տարի չհիմնանորոգված այս շատրվանային համալիրը, վստահ եմ, դեռ շատ երկար կծառայի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Ի դեպ, այս տարի նախատեսել ենք գործարկել 11 շատրվանային համալիր և 7 ջրավազան: Հանրապետության հրապարակի շատրվանն ու Կարապի լճի ջրավազանն արդեն գործարկել ենք, ընդ որում, այսօրվանից կարապները ևս տեղափոխվել են Կարապի լիճ: Մոտ օրերս կվերագործարկենք նաև Շառլ Ազնավուրի հրապարակի շատրվանը», – նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ այս և առաջիկա տարիներին, նաև մասնավոր կառույցների հետ համագործակցելով, մայրաքաղաքում կվերագործարկվեն մի շարք այլ շատրվաններ, իսկ մինչ այդ, մայիսի 1-ին, կվերաբացվեն մայրաքաղաքում գործող մյուս ջրային կառույցները: Այս մասին տեղեկանում ենք Քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Մեկնաբանել