Շարմազանովը բնապահպանության նախարար՝ ՕԵԿ-ի քվոտայով

Կուսակցությունը կառավարությունում ունի երեք նախարար: Հայտնի «Սուտլիկ որսկան»-ի մոտիվներով երկուսը ՀՀԿ-ի հետ են, մեկն էլ՝ ՀՀԿ-ի «դաբրոյով» Արթուր Բաղդասարյանի կողքին: Հիշում եք, թե ում օգտին էր Ագրարային համալսարանի ուսանողներին կոչ անում քվեարկել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը. ՀՀԿ-ի: Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի իզութոզն ընդհանրապես չի երևում այս ընտրություններին, թեպետ պատգամավորության թեկնածու է առաջադրվել 25-րդ ընտրատարածքում, որտեղ, մամուլի տեղեկություններով, նրան «դուխ» է տվել ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Մեջքիդ կանգնած ենք»: Բարոյականությունը պահանջում էր, որ նա Նիկոլ Փաշինյանի նման լիներ իր առաջնորդի կողքին: Բայց այդպես չէ, որովհետեւ պարոն Վարդանյանն ի սկզբանե նախարարի աթոռին է նստել ՀՀԿ քվոտայով, բայց ՕԵԿ-ի անվան տակ:

ՕԵԿ-ն այսօր կառավարությունում նախարար չունի: Ո՞ւմ քվոտայով է բիզնես ծավալում գյուղատնտեսության նախարարը. բնականաբար՝ ՀՀԿ-ի: Ո՞ւմ քվոտայով է Արմեն Երիցյանը դարձել արտակարգ իրավիճակների նախարար, եթե նշանակվելուց կես ժամ առաջ այդ մարդն ընդհանրապես որեւէ կուսակցության անդամ չէր: Մանուկ Վարդանյանի պարագան ինքնին հասկանալի է, եթե հիշենք անշարժ գույքի շուկայի աննորմալ վայրիվերումները (մինչեւ նախարար նշանակվելը Մանուկ Վարդանյանը գլխավորում էր Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն) վերջին տարիներին, որոնք առանց ՀՀԿ քվոտայի իրականացնել չէր լինի:

Այսպիսով՝ ՕԵԿ-ն ընտրություններին մասնակցում է պարզ խնամարկյալի կարգավիճակով: Սա ինչի՞ մասին է ասում: Կարիք չկա խորքերը գնալու: ՕԵԿ-ը քաղաքական դաշտում խաղացող ֆիգուր չէ: Վերջին անգամ նա խաղացող ֆիգուր է եղել 2008թ.: ՕԵԿ-ը նույնիսկ օժանդակ քաղաքական ուժ չէ: Այս իմաստով օժանդակ ուժ կարող է դիտվել, ասենք, երգչուհի Շուշան Պետրոսյանը, չէ՞ որ նա բազմաթիվ երկրպագուներ ունի, որոնց հետաքրքիր չէ Շուշանի քաղաքական կողմնորոշումը:

Ամբողջ խնդիրն այն է, որ ՕԵԿ-ն ըստ էության ընտրարշավի մաս չէ: ՕԵԿ քաղաքական ուժ ըստ էության գոյություն չունի: Քաղաքական ուժը ընտրարշավի մասնակցելիս կա՛մ նշում է ձախողումները, կա՛մ արձանագրում է նվաճումները: Արթուր Բաղդասարյանի ցանկացած նվաճում անցյալ ուրբաթ օրը խորհրդարանական բրիֆինգների ժամանակ «ջրեց» ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա ասաց, որ առանց ՀՀԿ-ի ոչ մի ծննդօգնություն անվճար չէր լինի, ոչ մի ավանդի քոռ կոպեկ չէր վճարվի: Հետեւաբար՝ ՕԵԿ-ը նվաճումներ չունի: Բայց փոխարենը որևէ մեկին քննադատելու մտադրություն էլ չունի: Նա միայն պաշտպանվում է քննադատություններից: Նույնիսկ ՀՀԿ-ն, որն այս ընտրարշավի բոլոր քննադատությունների հիմնական թիրախն է, ավելի քիչ է պաշտպանվում: Որովհետեւ ժամանակ չունի, պարտավոր է խոսել «նվաճումներից»:

Քաղաքական ուժը կա՛մ խոսում է արդար ընտրությունների հրամայականից, կա՛մ հայտարարում այդպիսի ընտրությունների անհնարինության մասին: ՕԵԿ-ը երկուսից էլ «բեխաբար» է: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա «ընտրությունը» երաշխավորել է ՀՀԿ-ն: Այսինքն՝ նույնիսկ ինքն իր քվեից խաբար չէ: Հետեւաբար, եթե նույնիսկ այս ընտրությունները կեղծիքների մասով որեւէ կասկածի տեղ չթողնեն էլ, միայն ՕԵԿ-ի 5-տոկոսանոց շեմի հաղթահարումը հերիք կլինի պնդելու, որ ընտրությունները կեղծվել են: Այնպես որ՝ ՕԵԿ-ի նախարարներին պետք չէ փնտրել ՕԵԿ-ի քարոզարշավի շրջանակներում: Եթե հարկ լինի, ընտրություններից հետո Էդուարդ Շարմազանովն էլ ՕԵԿ-ի քվոտայով կդառնա բնապահպանության նախարար:

Մեկնաբանել