Մենք հո Թուրքմենստան չե՞նք

2007թ. նախագահական ընտրություններում Արցախի ժողովուրդն այլընտրանք ուներ՝ ի դեմս ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանի, որը, ընտրություններում պարտվելով հանդերձ, շնորհավորեց նախագահ ընտրված Բակո Սահակյանին: Համաձայնեք՝ Հարավային Կովկասում քիչ դեպքեր կան, երբ պարտված թեկնածուն շնորհավորում է հաղթողին: Սա այն դեպքում, երբ հաղթող թեկնածուի օգտին աշխատել էր ամբողջ վարչական ռեսուրսը, օգտագործվել էին ժողովրդին վախեցնելու բոլոր հնարավոր տարբերակները: Այնուամենայնիվ, Բակո Սահակյանի հաղթանակը կասկած չէր հարուցում. այն Արցախի ժողովրդի ընտրությունն էր:

Պարտված թեկնածուի այս գեղեցիկ ժեստը հետաքրքիր կերպ օգտագործվեց՝ աշխատանքից ազատվեցին Մայիլյանի հարազատներն ու թիմակիցները:
Մայիլյանը ստեղծեց վերլուծական կենտրոն և վերջին տարիներին բավական ակտիվ աշխատանք կատարեց, այդ թվում՝ հանդես գալով միջազգային հայտնի վերլուծական կենտրոններում, հանդիպումներ ունենալով տարբեր երկրների պատգամավորների, դիվանագետների, վերլուծաբանների հետ: Այս դաշտն Արցախում բավական բաց էր, քանզի նախկին պաշտոնյաները կա՛մ Երևան էին տեղափոխվում, կա՛մ անհետանում հասարակության տեսադաշտից:

Միջազգային վերլուծական հանրությունն այն շրջանակն է, որտեղ Արցախը պետք է լավագույնս ներկայացված լինի և կարողանա տարբեր առաջարկներով ձևավորել միջազգային հասարակական կարծիք: Հենց այս ամենի ուղղությամբ էլ աշխատել է ԼՂՀ նախագահի նախկին թեկնածուն:

Ընտրություններին նրա մասնակցությունը Արցախին հնարավորություն տվեց ունենալ այլընտրանքային թեկնածու և ևս երկու տարի համարվել մասամբ ազատ երկիր: 2010թ. այլընտրանք չէր լինելու՝ խորհրդարանական ընտրություններն անցան առանց ընդդիմության մասնակցության՝ Արցախը յոթ տարվա մեջ առաջին անգամ մղելով ոչ ազատ երկրների շարքը և իջեցնելով Ադրբեջանի մակարդակին: Նույն վտանգի առաջ երկիրը կանգնած էր դեռ 2007թ., երբ Բակո Սահակյանը համարվեց միասնական թեկնածու, բոլոր կուսակցությունները պաշտպանեցին նրա թեկնածությունը: Նման կերպ միասնական թեկնածու էր դարձել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ թուրքմենական բոլոր կուսակցությունների համատեղ ժողովում:  Բակո Սահակյանի հավաքած ձայներն էլ քիչ էին զիջում Բերդիմուհամեդովի հավաքած ձայներին. ԼՂՀ ընտրողների 87 տոկոսից ավելին քվեարկել էր նրա օգտին:

Հինգ տարի անց նորից նույն խնդրի առջև ենք կանգնել: Մի տարբերությամբ՝ այս անգամ այլընտրանքային թեկնածու չի լինի:

Մի քանի ամիս առաջ Թուրքմենստանի նախագահական ընտրություններում Բերդիմուհամեդովը հավաքեց ձայների 97 տոկոսից ավելին: Նախագահի մյուս թեկնածուները հայտարարեցին, որ իրենք նույնպես իրենց ձայնը տվել են Բերդիմուհամեդովին: Վստահաբար Արցախում Բակո Սահակյանի մրցակիցները նման բան չեն հայտարարի: Մենք հո Թուրքմենստան չե՞նք: