Մեքենայություն օրենքի սահմանում

Ռուսաստանում արդեն մոտ 1,5 տարի գործում է 1990-ականներին ոչ անհայտ Սերգեյ Մավրոդիի «MMM 2011 ֆինանսական բուրգ» սխեման, որը բոլորովին վերջերս հասել է Հայաստան և խոստանում է $1000 ավանդադրված գումարը մեկ տարում վերածել $400 հազ-ի։ ՀՀ Կենտրոնական բանկը, սակայն, զգուշացնում է, որ սոցիալ-ֆինանսական այս ցանցը լիցենզավորված չէ, և ներգրավված գումարների վերադարձ որևէ կերպ չի երաշխավորում։
Երեկ ԿԲ-ն հայտարարություն է տարածել, որ Հայաստանում սկսել է գործել «MMM 2011 ֆինանսական բուրգ» սխեման (Սերգեյ Մավրոդիի 1990-ականների սկզբի չարաբաստիկ MMM ֆինանսական բուրգի նոր տեսակը) և այն ԿԲ-ի կողմից լիցենզավորված չէ։ Ըստ ԿԲ-ի՝ սխեմայում ներգրավված գումարների վերադարձը որևէ կերպ չի երաշխավորվում:

Սխեմայի կիրառման հիմնական սկզբունքն է՝ մասնակցի ներդրած միջոցները բարձր տոկոսադրույքներով վերադարձվում են նոր մասնակիցների միջոցների ներգրավման հաշվին: ««MMM 2011 ֆինանսական բուրգ»-ը որևէ առնչություն չունի Հայաստանի ֆինանսական շուկայի, դրանում ծավալվող ֆինանսական օրինաչափ հարաբերությունների հետ»,– նշված է ԿԲ հայտարարությունում։

Կենտրոնական բանկը զգուշացնում է նաև, որ առաջարկվող սխեմայում ներգրավվելու դեպքում առկա է ֆինանսական, գույքային և այլ նյութական վնասներ կրելու իրական վտանգ։ «Կենտրոնական բանկը քաղաքացիներին ու կազմակերպություններին հորդորում է ձեռնպահ մնալ այս և նմանատիպ այլ վտանգավոր ու խիստ ռիսկային ֆինանսական բուրգերում մասնակցությունից»,– նշված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Հայաստանում «MMM 2011 ֆինանսական բուրգ»-ն ունի ակումբ, որի անդամները բարեհամբույր պատմում են սխեմայի գործունեության մասին։ Իսկ սխեման կառուցված է այնպես, որ նոր անդամների ներգրավված միջոցներով վճարվում են ավելի շուտ անդամակցածների տոկոսավճարները, և բուրգը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է ներգրավել նոր հաճախորդների։

Հաշվի առնելով, թե ինչպիսի տոկոսադրույքներ են առաջարկվում, նույնիսկ ընդլայնման դեպքում բուրգը չի կարող երկարակյաց լինել։ Ուշագրավ է, որ դե յուրե «MMM 2011 ֆինանսական բուրգ»-ը Հայաստանում գործունեություն չի ծավալում։ Քաղաքացիները պարզապես դիմում են համակիրների ակումբին, անդամակցում բուրգին ու գումարները փոխանցում արդեն իսկ համակարգում ներգրավված անձանցից մեկի բանկային հաշվեհամարին։
Բուրգի փլուզման դեպքում «MMM 2011 ֆինանսական բուրգ»-ի հեղինակ Մավրոդին որևէ պատասխանատվություն չի կրում, քանի որ այդ գումարներն ինքը չի տնօրինել։ Օրինակ՝ եթե քաղաքացին այս բուրգում մեկ տարով ներդնի $1000, և այս ժամանակահատվածում բուրգը չփլուզվի, ինչը քիչ հավանական է, ապա կազմակերպիչները խոստանում են վճարել $400 հազ.։

Հասկանալի է, որ աստղաբաշխական նման գումարները բավական գրավիչ են, և բուրգը կառուցվում է քաղաքացիների արկածախնդրության վրա։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանում բացահայտ գործում է մեքենայությունների ևս մեկ համակարգ (նման բուրգ է նաև միջազգային Qnet ցանցը), իսկ իրավապահ մարմիններն անզոր են։ ՀՀ քրեական օրենսգրքով քրեորեն պատժելի է միայն վաշխառությունը (ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով)։ Ֆինանսական բուրգերի մասին որևէ խոսք չկա։

Ֆինանսական այս մեքենայությունը հնարավոր է դիտարկել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) շրջանակում։ Սակայն բուրգն այնպես է կառուցված, որ կազմակերպիչներ պարզապես չկան։ Մյուս խնդիրն այն է, որ իրավապահներն այդ հոդվածը կարող են կիրառել միայն այն դեպքում, եթե քաղաքացին ինքն է դիմում ներկայացնում խաբեության մասին։

Ստացվում է, որ Մավրոդիի այս բուրգը իրավական տեսակետից անխոցելի է Հայաստանում։ Այն անխոցելի է նաև Ռուսաստանում, այնտեղ նույնպես իրավապահները որևէ քայլ չեն կարողանում ձեռնարկել բուրգի գործունեությունը կասեցնելու ուղղությամբ։

Ուշագրավ է, որ բուրգի պաշտոնական կայքէջում կազմակերպիչները զգուշացնում են, որ ներդրողները կարող են կորցնել գումարները։ Այդուհանդերձ, ֆինանսական այս սխեման մոտ 1,5 տարվա ընթացքում ընդարձակվել է ԱՊՀ տարածքով և արդեն 30 մլն հաճախորդ ունի։