Ամաչել «հակաօրինական» կոնյակ արտադրելուց

-Կոնյակի որակը ապահովելու համար ստեղծվեց Կոնյակագործների միությունը։ Այդուհանդերձ, տնտեսավարողներից շատերը շարունակում են խախտել օրենքի պահանջները։ Ինչո՞ւ որակի ապահովման խնդիրն այդպես էլ չի հաջողվում լուծել։

-Հայկական կոնյակագործների միությունը շատերը յուրատեսակ մի մահակ են ընկալում, որի օգնությամբ մի ակնթարթում հնարավոր է լուծել խնդիրները: Իրականում միության ձևաչափը մի փոքր այլ է:

Հայաստանում կա բավականին ընդգրկուն օրենսդրական բազա, որը հստակ ամրագրում է, թե ինչ արտադրական գործընթացների պետք է համապատասխանի խմիչքը, որ կարողանա «Հայկական կոնյակ» անվանվել: Ավելին՝ իրավական դաշտը առավելագույնս կարգավորելու համար երկու տարի առաջ ընդունվեց որոշում, որը հատուկ անվանում սահմանեց ներմուծված սպիրտների հիմքով պատրաստված արտադրանքի համար: Խնդիրը, ըստ էության, թեկուզև ոչ իդեալական, բայց բավական լավ օրենսդրական այդ բազան կյանքի կոչելն է։

Ես կուզենայի, որ մենք հստակ գիտակցեինք մեկ այլ բան. այսօր համաշխարհային արտադրական առատության և բազմազանության մեջ հայկական կոնյակը այն եզակի ապրանքատեսակներից է, որով գլոբալ սպառողական շուկայում ներկայանում է Հայաստանը: Այդ իմաստով, ըստ իս, պետք է արտադրողներն առաջին հերթին ոչ թե վախենան արտադրել «հակաօրինական» կոնյակ, այլ ամաչեն նմանը արտադրելուց:

Պատկերացնենք, որ Դուք վաղը հայտնվում եք մի երկրում, որտեղ գողությունը չի ենթադրում քրեական պատասխանատվություն, դժվա՞ր թե սկսեք գողություն անել։

-Ե՞ս, հաստատ ո՛չ։

-Այսինքն՝ կան բաներ, որոնք կարգավորվում են անկախ օրենսդրական սահմանափակումներից: Միգուցե օրինակը կոպիտ թվա, բայց համաձայնեք, որ հայկական կոնյակը մեր երկրի տնտեսության համար առանձնահատուկ կարևորություն ունի:

Ինչ վերաբերում է Միության գործառույթներին, ապա առաջնային եմ համարում լաբորատորիայի ստեղծումը, որի տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա կատարել կոնյակի համալիր հետազոտություն, հումքի կենսաբանական անալիզ և այլն: Հուսով եմ՝ այսպիսի չափանիշների հաստատումով ապագայում ավելի հստակ գնահատականներ կկարողանանք տալ արտադրանքին։

-Կառավարությունը մշակել է ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, որով մինչև 2020թ. նախատեսվում է եռապատկել կոնյակի արտահանումը։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է դա իրատեսական։ Հայաստանի խաղողի հումքային բազան արդյոք բավարա՞ր է նման ծավալների արտադրության համար։

-Այն, որ կոնյակի արտահանման ցուցանիշների բարձրացման հարցը Կառավարության օրակարգում է, ինձ՝ որպես կոնյակ արտադրող ընկերության ղեկավարի համար, միանգամայն ուրախալի է: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ սա դեռ ծրագիր է՝ որոշակի նպատակների մի համախումբ: Այս ամենը կյանքի կոչելու համար մեծ ջանքեր են հարկավոր: Գալիք ութ տարվա հեռանկարում նպատակ դնել եռապատկելու արտահանման ցուցանիշները, միգուցե և հավակնոտ գաղափար է:

Ցանկացած քաղաքականության որդեգրումը անելիքների ընդամենը առաջին քայլն է, առավել բարդ է ուրվագծել, թե ինչպես ենք պատրաստվում իրագործել այն: Կա՞ն արդյոք հստակ մշակված բանաձևեր:

Սկզբունքորեն կարող է լինել երկու տարբերակ. մենք կարող ենք արտերկրում վաճառել մեկ շիշ կոնյակ շինծու բարձր գնով՝ հանուն հռչակված ծրագրերի, և գրանցել ցուցանիշ, և երկրորդ՝ վաճառել հարյուր շիշ կոնյակ մրցունակ գնով և ապահովել ֆիզիկական լիտրերի արտահանման աճ: Այստեղ կարևորը հավասարակշռված լուծում գտնելն է։

Ինչ վերաբերում է մտավախություններին՝ կապված հումքային բազայի հետ, ապա մենք էլի ժամանակից առաջ ենք ընկնում: Բնականաբար, արտահանման ծավալները պիտի աճեն այնքան, որքան թույլ կտան կոնյակի արտադրության համար օրենքով նախատեսված խաղողի պաշարները: Մյուս կողմից՝ այսօր Հայաստանում գրանցված խաղողի այգիները պետք չէ ընկալել որպես կարծրացած, սահմանափակ գոտի: Հարկ եղած դեպքում նրանք կարող են ընդլայնվել: Ի դեպ, նորատունկ խաղողի այգին արդեն 3-4-րդ տարում բերք է տալիս:

Ամեն դեպքում, կարծում եմ, հռչակված նպատակները կիրառական հարթություն բերելը իրատեսական է, սակայն դրա համար պետք է ժամանակ և հմուտ, շրջահայաց, համալիր մոտեցում:

-Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) չի դժվարացնի «Հայկական կոնյակ» մակնշմամբ ապրանքի արտահանումը այդ շուկա։ Հաշվարկներ կա՞ն, թե դրա արդյունքում որքանով կկրճատվեն արտահանման ծավալները, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ռուսական շուկայում զբաղեցրած նիշան պահպանելու և ընդլայնելու համար։

-Այսօր ձևավորվել է մի կարծրատիպ, որ առաջին հերթին մենք պետք է դադարենք «Հայկական կոնյակ» արտահանել Ռուսաստան՝ վերջինիս ԱՀԿ անդամ դառնալուց հետո։ Ասեմ, որ խնդիրն անմիջականորեն չի ծագում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունից։ Հարցը, ավելի շուտ, Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների տիրույթում է:

ԵՄ իրավական ակտերով սահմանվում է, որ «կոնյակ» կարող է անվանվել միայն Ֆրանսիայի համանուն շրջանից ծագող և մի շարք արտադրական պահանջներին համապատասխանող ալկոհոլային խմիչքը: Համապատասխան պահանջներ ներկայում ներառված են ԵՄ և մի շարք այլ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերում: Նման պայմանագրեր Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հետ, ուր մենք արտահանում ենք «Արարատ» կոնյակներ, չեն կնքվել, ուստի այդ շուկաներում մենք լիիրավ ենք մակնշել մեր արտադրանքը որպես Армянский коньяк:

Այդուհանդերձ, վաղ թե ուշ, այդ հարցը իսկապես առաջանալու է, և մենք հարկադրված են լինելու անգամ Ռուսաստան արտահանելիս այն անվանել ինչ-որ այլ կերպ, բայց ոչ Армянский коньяк։

Կարծում եմ՝ անվան հետ սահմանափակումները չեն կիրառվի կայծակնային արագությամբ, և մենք կունենանք անցումային շրջան՝ այդ հարցը հնարավորինս արդյունավետ կարգավորելու համար:

-Հայ պաշտոնյաները կոնյակի արտահանման շուկա են համարում նաև Չինաստանը։ Որքանո՞վ է մատչելի այդ շուկան, և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այնտեղ հաստատվելու համար։

-Չինական շուկայի տեսական ներուժը, ըստ իս, աքսիոմատիկ իրողություն է, ինչի մասին խոսելն անգամ ավելորդ է: Այստեղ ուրիշ խնդիր կա. Չինաստանն այսօր ծայրահեղ գերհագեցած շուկաներից է: Չէի ցանկանա այս հարցի շուրջ խոսել հայ բոլոր կոնյակ արտադրողների անունից: Բայց այն, որ սա կարևոր խնդիր է շատերի համար, միանշանակ է, և յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ե՞րբ, ի՞նչ մասշտաբով ու շուկայի ո՞ր սեգմենտում է ցանկանում հաստատվել:

«Արարատ» կոնյակների համար Չինաստանի շուկան գլոբալ ռազմավարության հարց է: Այսօր մենք հնարավորություն ունենք Չինաստան արտահանել մեր կոնյակների որոշակի ծավալ, բայց դա չէ մեր նպատակը: «Արարատ»-ը կմտնի չինական շուկա, եթե ոչ այսօր, ապա վաղը, բայց դա կարտահայտվի թե՛ ֆիզիկապես, թե՛ գաղափարապես:

Առանց ավելորդ պաթոսի՝ «Արարատ»-ը իսկապես ազգային արժեք է, և մինչև նոր շուկա մուտք գործելը անհրաժեշտ է մանրակրկիտ աշխատանք տանել՝ սկսած դիստրիբյուտորական գործընկերներից մինչև խանութի պահարաններում զբաղեցվող դիրքը: