Գլոբալ տնտեսությանը դանդաղ աճ է սպասվում․ ԱՄՀ

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ համաշխարհային ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարում կնվազի մինչև 3,5%` անցած տարվա 3,9%-ի համեմատ։ Տնտեսության աճ հիմնադրամն ակնկալում է հաջորդ տարի, երբ այս ցուցանիշը կկազմի 4,1%։

«2011թ. անկումից հետո տնտեսությունն աստիճանաբար ամրապնդվում է։ Ամեն դեպքում՝ նոր անկումների ռիսկերը դեռ շարունակում են բարձր մնալ»,- ասված է զեկույցում։

2011թ. կեսին ԱՄՆ-ում տնտեսական ակտիվության աճը և եվրոգոտու երկրներում քաղաքականության բարելավումը նպաստել են համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերի նվազմանը։ ԱՄՀ-ում կարծում են, որ զարգացած տնտեսություններում, ամենայն հավանականությամբ, կդիտարկվի վերականգնման դանդաղ գործընթաց այն դեպքում, երբ զարգացող երկրների մեծ մասում այն ավելի արագ կլինի։

Հիմնադրամի փորձագետների կարծիքով՝ վերջերս ձեռք բերված տնտեսական առաջընթացը, այդուհանդերձ, շարունակում է շատ թույլ մնալ։ ԱՄՀ-ն կառավարություններին խորհուրդ է տալիս շարունակել արմատական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են կարճաժամկետ հեռանկարում առողջ աճ արձանագրելու համար։

«Զարգացած մի շարք երկրներ առաջընթաց են արձանագրել բյուջետային կոնսոլիդացիայի ծրագրերի կյանքի կոչման գործում։ Զարգացող պետությունները միևնույն բանն արել են ավելի վաղ, ուստի այժմ առավելություն ունեն։ Սակայն առանց հետագա քայլերի ձեռնարկման՝ եվրոգոտու խնդիրները կրկին կարող են նոր թափ հավաքել»,- ասված է զեկույցում։

ԱՄՀ-ի փորձագետները նաև մտավախություն են հայտնում, որ աշխարհաքաղաքական անկայունությունը կարող է հանգեցնել նավթի գների զգալի բարձրացմանը։ «Այս ցուցանիշի՝ 50%-ով բարձրացումը կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի տեմպերի 1,25%-ով դանդաղմանը»,- նշված է հիմնադրամի զեկույցում։

Մեկնաբանել