Հայտնաբերվել է մարդուն խելացի դարձնող գենը

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել մարդուն ավելի խելացի դարձնող գենը: HMGA2 գենի վարիացիան հայտնաբերվել է գլխուղեղի հիվանդությունների գենետիկ պատճառների հետազոտության ժամանակ: Ապացուցվել է, որ HMGA2 գենի որոշակի մասի քիմիական կառուցվածքով մարդիկ ինտելեկտուալ առումով ավելի զարգացած են, քան մյուսները:

Գիտնականները հետազոտել են Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ավստրալիայի ավելի քան 20 հազար մարդկանց ԴՆԹ նմուշները. HMGA2 գենի փոփոխություն ունեցող մարդիկ IQ թեսթերում 1,3 բալով ավելի լավ արդյունքներ են ցուցաբերել:

Ավելի վաղ` Սիդնեյի համալսարանի գիտնականները հանգել էին այն  եզրահանգման, որ ուղեղի արտաքին ստիմուլյացիան հոսանքի միջոցով թույլ է տալիս ժամանակավորապես ավելի խելացի դառնալ: Այս տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է առժամանակ ուժեղացնել նոր նյութի ընկալումը և լավացնել հիշողությունը: