ՀՀ-ում կգործի Diners Club International վճարահաշվարկային համակարգը

«Արարատ» բանկն այսօր՝ ապրիլ 18-ին, հայտարարեց Diners Club համաշխարհային ընկերության հետ իր համագործակցության մեկնարկի մասին: 2012-ի վերջում բանկը կսկսի թողարկել Diners Club International վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի պլաստիկ քարտեր: «Արարատ» բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով` այս պահին քարտերը գտնվում են նախագծման փուլում:

«Յուրաքանչյուր տարվա սկզբում մենք թողարկում ենք նոր վճարահաշվարկային գործիք: Այս տարի մենք ներկայացնում ենք Diners Club International քարտը, որը հարմարավետ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն հստակ եկամուտ, գնահատում են հարմարավետությունը և հաճախ են գործուղումներ ունենում կամ ճամփորդում»,- ասաց Աշոտ Օսիպյանը և հավելեց, որ համագործակցության առաջին փուլում «Արարատ» բանկում արդեն ստեղծվել է Diners Club-ի համակարգի միջավայրը:

Նրա խոսքով, առաջին տարում նախատեսվում է թողարկել 5000 քարտ և հետագա երեք տարում այդ թիվը հասցնել տարեկան 10 000-ի: «Մենք կատարել ենք նախամարկետինգային ուսումնասիրություն և պարզել, որ իսկապես նման քարտի պահանջարկ կա: «Միտված դեպի հաճախորդ» կարգախոսով մենք հաշվի ենք առնելու հաճախորդի կարծիքը: Ուսումնասիրում ենք նաև, թե զբոսաշրջիկները Diners Club-ի ո՞ր ծառայությունից կցանկանային օգտվել Հայաստանում»,-ընդգծեց Աշոտ Օսիպյանը:

«Արարատ» բանկն ունի ավելի քան 90 000 գործող քարտ, որից 15 000-ը կորպորատիվ հաճախորդներ են:

Diners Club International –ի եվրոպական հատվածի տնօրեն Ժան-Ֆրանսուա Պոլի խոսքով` տարածաշրջանում Diners Club-ը համագործակցում է նաև Վրաստանի հետ, իսկ մի քանի ամսից կհամագործակցի նաև Ադրբեջանի հետ: «Diners Club-ն ընդունվում է աշխարհի 185 երկրներում: «Մենք կատարում ենք տրանզակցիաներ բոլոր գոյություն ունեցող փոխարժեքներով»,- նշեց նա և հավելեց, որ Diners Club-ն առաջինն է աշխարհում թողարկել վճարային քարտ:

Մեկնաբանել