Ծառուկյանը մարտահրավեր է նետել

«Հայկական Ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է, որ վերջին մեկ տարում ունեցել է 21,433 մլրդ դրամի, 60,8 մլն դոլարի և 40 մլն եվրոյի եկամուտ: Ծառուկյանը հայտարարագրել է նաև ադամանդե քարով երեք մատանի՝ 3 մլն, 1,7 մլն դոլար արժեքներով, երեք ձեռքի ժամացույց` մեկը 300 հազ. դոլար, երկուսը՝ 500 հազարական դոլար արժեքով: 2012թ. մարտի 1-ի դրությամբ՝ բանկային հաշվեհամարներում ունեցել է 1,161 մլրդ դրամ, 30,730 մլն դոլար և 20,483 մլն եվրո: Թերթի փոխանցմամբ՝ հայտարարագրում նշված է նաև թանկարժեք կահույք՝ 8-ը ննջարանի, 2-ը ճաշասենյակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 800 հազար եվրո: Ամենաթանկը՝ 128 հազ. եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույքն է: Ծառուկյանը հայտարարգրում նշել է նաև, որ բաժնետոմսեր ունի 32 տարբեր ընկերություններում: Նրան պատկանող շինությունների ընդհանուր մակերեսը մոտ 9 հազ. քմ Է, իսկ հողամասերինը` մոտ 32 հա, ունի յոթ ավտոմեքենա, որից ամենավերջինը` «Ռոլս-Ռոյս կուպե ֆանտոմ», որը ձեռք է բերել 2008թ.:

Միլիոնավոր դոլարների հասնող եկամուտներ և գույք հայտարարագրելով՝ Ծառուկյանը փաստորեն հայտարարում է, որ ինքը պաշտոնապես Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է կամ ամենահարուստը: Զարմանալու ոչինչ չկա, քանի որ յուրաքանչյուր հայաստանցի մոտավոր պատկերացում ուներ Գագիկ Ծառուկյանի կարողությունների մասին, և ԲՀԿ առաջնորդը թերևս հրապարակել է այդ պատկերացումներին մոտ թվեր:

Սա բավական անսպասելի մոտեցում է հայաստանյան իրականության մեջ, երբ գրեթե բոլորը գիտեն կամ ենթադրում են, թե ինչ կարողություններ ունեն պետական բարձրաստիճան պաշտոնյաններն ու մենաշնորհ ունեցող գործարարները, սակայն պաշտոնապես այդ կարողությունները հաստատող որևէ փաստաթուղթ չկա:

Իր նյութական և ֆինանսական կարողությունները չթաքցնելով՝ Ծառուկյանը կարծես ձեռնոց է նետում մյուս գործարարներին, հատկապես՝ քաղաքականությամբ զբաղվողներին, նույնը անելու, «եթե կհամարձակվեն»: Ուշագրավ է, որ ԲՀԿ առաջնորդի այս քայլը հաջորդեց գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայտարարությանը, թե ինքը գրեթե ոչինչ չունի, գումար է խնդրում կնոջից կամ լրագրողներից: