Ղրղըզները՝ ընդդեմ ռուսերենի պաշտոնական կարգավիճակի

Օշում տեղի է ունեցել կլոր սեղան-բանավեճ՝ հասարակական մի շարք կազմակերպությունների, բանասերների, գիտնականների ու պատմաբանների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է «Ղրղըզստանի Հանրապետության պետական լեզվի մասին» օրենքի նախագիծը։ Քննարկման մասնակիցների կարծիքով՝ «ռուսերենի կարգավիճակը՝ որպես պաշտոնական լեզու, խոչընդոտ է դարձել պետական լեզվի (ղրղըզերենի) զարգացման համար»։

Հանդիպման մասնակիցները ուղերձով դիմել են Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավորներին ու ղրղըզներին, որում պահանջել են ռուսերենը զրկել պաշտոնական լեզվի կարգավիճակից։

Նրանք նաև առաջարկում են պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք խախտում են պետական լեզվի մասին օրենքի պահանջները, այն է՝ պետական մարմիններում աշխատանքի չընդունել պետական լեզվին չտիրապետող աշխատակիցների, ինչպես նաև դադարեցնել ռուսալեզու լրատվամիջոցների ճնշումը ղրղըզալեզու լրատվամիջոցների նկատմամբ։ Բացի այդ՝ առաջարկվում է 2013-ից գործավարությունն իրականացնել պետական լեզվով։

Համաձայն Ղրղըզստանի Սահմանադրության՝ ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ և նույն իրավունքները, ինչ պետական ղրղըզերենը։ Այս բազմազգ հանրապետությունում ռուսերենն ավանդաբար համարվում է ազգամիջյան շփման լեզու։

Նախկինում Ղրղըզստանի խորհրդարանում բազմիցս հնչել են «խորհրդարանի պատերի ներսում ռուսերենի օգտագործումն արգելելու» առաջարկներ։