Ո՞վ կփոխարինի Հիլարի Քլինթոնին

Ներկայում ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ ամբողջ աշխարհում մեծ հետաքարքրություն է ներկայացնում հարցը՝ ով կլինի ՄԱՆ-ի հաջորդ պետքարտուղարը։ Նոր աշխարհակարգի պայմաններում սա չափազանց կարևոր պաշտոն է։ Թվում է հիմնական թեկնածուները չունեն նախորդների՝ Հենրի Քիսինջերի, Քոլին Փաուելի, Կոնդոլիսա Ռայսի և մյուսների ազդեցիկությունն ու «աստղային «փայլը»։ Ավելին՝ նրանք չեն կարող համեմատվել ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որը մտադիր է պաշտոնավարել մինչև հաջորդ տարվա հունվար և իր քաղաքական ազդեցությունը պահպանել նաև հետագայում, գրում է ամերիկյան The Daily Beast պարբերականը։

Պետքարտուղարի՝ ինչպես Բարաք Օբամայի, այնպես էլ հանրապետական Միթ Ռոմնիի թեկնածուները բավական հայտնի են իրենց մասնագիտական շրջանակում և միջազգային առաջնորդների շրջանում, սակայն չունեն իրենց նախորդների «բեմական» հմայքը։

Օբամայի՝ պետքարտուղարի թեկնածուների ցուցակում ընդգրկված են Սենատի միջազգային հարաբերությունների հանձնսժողովի նախագահ Ջոն Քերին, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայցուցիչ Սյուզան Ռայսը և ազգային անվտանգության հարցերով  խորհրդական  Թոմաս Դոնիլոնը։ 

Հանրապետականների՝ պետքարտուղարի թեկնածուների ցուցակը բավական անորոշ է՝ պայմանավորված Ռոմնիի նախընտրական ակտիվ քարոզարշավով։ Հիմնական հավակնորդներ են համարվում Համաշխարհային բանկի արդեն նախկին նախագահ Ռոբերտ Զելիկը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստեֆեն Հադլին, և Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Հաասը։ Սակայն հանրապետականների ճսմբարում չպետք է բացառել երկու «անակնկալ»՝ պետքարտուղարի ներկայիս տեղակալ Ուիլիամ  Բեռնսը և  Ռայսի նախկին տեղակալ Նիկոլաս Բեռնսը։

ԱՄՆ-ի համար բախտորոշ պահերին պետքարտուղարները իրենց երկրին ռազմավարական լուծումներ են առաջարկել։ Այդպիսի ռազմավար պետքարտուղարներից են եղել Ջորջ Մարշալը, Հենրի Քիսինջերը, Ջեյմս Բեյքերը և այլք։ Արդեն 20 տարի է՝ որոշումների ընդունման իշխանությունը հիմնականում կենտրոնացել է Սպիտակ տանը։ Պետքրատուղարները առավելապես զբաղվում են դիվանագիտությամբ։ 

Սակայն ԱՄՆ-ի գիտակներին առավելապես պետք է հետաքրքրի՝ ով կլինի ֆինանսների նախարարը։ 21-րդ դարում միջազգային հարաբերություններում ավելի մեծ դերակատրում ունի ՀՆԱ-ն, քան ռազմական հզորությունը։ Քլինթոնը, գիտակցելով այս մոտեցման կարևորությունը, փորձում է իր հաջորդի համար արտաքին քաղաքական նոր ուղեգիծը խարսխել հենց այդ մոտեցման վրա։ Սակայն ավանդույթի ուժը հզոր է, և Վաշինգտոնում ավելի շատ քննարկում են՝ ով կլինի հաջորդ ոչ թե Թիմոթի Գեյթները, այլ Քլինթոնը, ամփոփում է պարբերականը։