ՀԿԵ աջակցությունը` Գյումրիի տեխնիկական քոլեջին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աջակցություն է ցուցաբերել Գյումրիի պետական տեխնիկական քոլեջում մասնագիտատեխնիկական հրապարակի ձևավորման գործում. հրապարակում տեղադրվել են 10 մետր երկարության երկաթուղագծեր, վագոնային սայլակ, վագոնների ավտոմատիկ շղթայակցման սարք, կոմպրեսոր, նաև ուսուցանման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Հրապարակն օգտագործվելու է տեխնիկական քոլեջի ուսանողների ուսուցման, ինչպես նաև տվյալ կրթական հաստատություն գործուղվող ՀԿԵ-ի աշխատողների վերապատրաստման ու որակավորումը բարձրացման համար:

Քոլեջի տնօրեն Մխիթար Սարգսյանը նշել է, որ հետագայում հրապարակը բարեկարգվելու է և թույլ կտա բարձրացնել կադրերի պատրաստման մակարդակը: Նրա խոսքով, մոտ ժամանակներս քոլեջում կտեղադրվի նաև սլաքային փոխադրիչ:

Մ.Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկա պահին հրապարակում վերապատրաստվում է ՀԿԵ-ի «Վանաձոր», «Սևան», «Երևան» և «Գյումրի» գծային ուղեմասերի 13 մասնագետ: 

Երկաթուղայինների վերապատրաստումը քոլեջում անցնում է ՀԿԵ ՓԲԸ և Գյումրիի պետական քոլեջի միջև կնքված պայմանագրի համաձայն, որի շրջանակներում 2011 թվականի մայիսից քոլեջում վերապատրաստվել է 103 երկաթուղային, մասնավորապես` 12 կայարանապետ, լոկոմոտիվային բրիգադների 11 փականագործ, 40 էլեկտրամեխանիկ: Իսկ 2009 թվականին վերապատրաստման դասընթացներ է անցել ՀԿԵ 91 աշխատող: