Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում կտեղադրվի դուդուկի արձան: Ինչպես տեղեկացրեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, արձանի մասին մանրամասներ դեռևս չկան, սակայն հայտնի է, որ դրա տեղադրումը փառատոնի նախավերջին փուլի գլխավոր միջոցառումը պիտի դառնա:
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվեցին փառատոնի մասին նոր մանրամասներ: Այն կունենա չորս փուլ և կտևի հինգ ամիս: Ապրիլի 20-24-ը կանցկացվի գրողների համահայկական համաժողով: Սփյուռքից կժամանի ավելի քան 70 գրող: Ինչպես հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, այս տարեսկզբին ընդունված կանոնակարգի համաձայն` սփյուռքահայ գրողներն իրավունք ունեն անդամագրվելու Հայաստանի գրողների միությանը: «Այդ անդամատոմսերով նրանք ավելի սերտ կկապվեն Հայաստանին»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Փառատոնի երկրորդ փուլը նվիրված կլինի երգարվեստին, կմասնակցեն երգչախմբեր Հայաստանից և սփյուռքից: Սամվել Հարոյանը հայտնեց, որ նախատեսվում է անցկացնել միջոցառում, որում մի քանի երգչախմբեր կմիավորվեն և «Մայր Հայաստան» համալիրի տարածքում կկատարեն Հայաստանի հանրապետության օրհներգն ու «Էրեբունի-Երևան» երգը: Երրորդ փուլին կներկայանան անհատ կատարողներ, վերջինում առաջին անգամ կկազմակերպվի դուդուկի համահայկական փառատոն: Միջոցառումները կավարտվեն լրագրողների համահայկական համաժողովով:
Ի տարբերություն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի, որի հիմնադրամը լուծարվել է, «Իմ Հայաստան» փառատոնն ավելի ծավալուն կլինի թե՛ ժամանակագրական, թե՛ ժանրային, և թե աշխարհագրական մասշտաբներով: Չնայած բյուջեի զգալի կրճատմանը`անցյալ տարի այն 132 մլն դրամ էր, այս տարի` 84 մլն, առաջին անգամ սփյուռքի նախարարությունը կհոգա նաև հյուրերի կեցության ծախսը: Սպասվում է շուրջ հազար մասնակից աշխարհի բոլոր մայրցամաքներից:
Փառատոնի ծրագրերը կներկայացվեն Հայաստանի մարզերում, Երևանում, ԼՂՀ-ում, իսկ տոնախմբությունները կանցկացվեն հիմնականում բացօթյա: Կկազմակերպվեն նաև ֆլեշ մոբներ, կլոր սեղաններ, վարպետության դասընթացներ: