Երևանի Աբովյան- Սայաթ-Նովա փողոցների հատման մասում այսօր կկայանա հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի արձանի բացման արարողությունը: Այս կապակցությամբ Երևան է ժամանել նրա թոռը` Ալեքսանդր Մանթաշյանցը, և ծոռը` Միքայել Մանթաշյանցը: Առավոտյան նրանք հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում: Հանդիպման ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնի հայ բարերար Պողոս Նուբար փաշայի պատվին սահմանված ՀՀ սփյուռքի նախարարության մեդալով պարգևատրեց 86-ամյա Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերին: «Այս մեդալը հատկապես խորհրդանշական է, քանի որ գրեթե բոլոր հայ բարերարները ազգակցական կապի մեջ են եղել: Նուբար Փաշան կապված էր Գյուլբենկյանների հետ, Գյուլբենկյաններն էլ իրենց հերթին` Մանթաշյանների, – ասաց Հրանուշ Հակոբյանը:-
Ալեքսանդր Մանթաշյանը եղել և մնում է բարերարության խորհրդանիշը, և ուրախ ենք, որ նրա թոռն ու ծոռը, ապրելով աշխարհի եվրոպական մասում, շարունակում են իրենց հայ զգալ` չնայած կորցրել են իրենց մայրենի լեզուն»,- ավելացրեց նա:
Ալեքսանդր Մանթաշյանը, հովանավորելով շուրջ 200 ուսանողի, մեծ ավանդ է ունեցել Հայաստանի զարգացման գործում, քանի որ այդ ուսանողները վերադարձել են Հայաստան: Նա ունեցել է 8 զավակ, որոնցից ողջ են երկուսը` դուստրը` Դարյան, և որդին` Ալեքսանդր Մանթաշյանցը: Երկուսն էլ ապրում են Փարիզում: Դարյան 92 տարեկան է։
Մեծ բարերարի` երրորդ անգամ Հայաստան այցելած հարազատները նշեցին, որ արդեն տեսել են Ալեքսանդր Մանթաշյանի արձանը և շատ հավանել: Այն հարցին, թե ի՞նչ է մնացել Մանթաշյանի հարստությունից, որդին պատասխանեց. «Ոչինչ»: