Հանրային թղթակիցները կլուսաբանեն ՀՀ ԱԺ ընտրությունները

Հայաստանում 40 հանրային թղթակից «Մոբայլ տեխնոլոգիաներ` իրազեկ ընտրությունների համար» դասընթացների և աշխատանքային պրակտիկայի միջոցով նախապատրաստվել են ընտրությունների լուսաբանմանը: Ինչպես տեղեկացնում են Հանրային լրագրության ակումբից, «Մոբայլ տեխնոլոգիաներ` իրազեկ ընտրությունների համար» նախագծի նպատակն է վերապատրաստել իրազեկ հանրային թղթակիցների, որոնք ընտրությունների լուսաբանման ընթացքում հանդես կգան  որպես հիմնական լրատվամիջոցների լրագրողների «օգնականներ»` պատրաստելով նյութեր www.mynews.am  հանրային թղթակցության հարթակի համար, տարածելով այլընտրանքային` հանրային, թղթակցության միջոցով հավաքագրված տեղեկատվություն:

Այս նախագծի շրջանակներում ապրիլից երկու պրոֆեսիոնալ խմբագիրներ կաշխատեն շուրջ քսան հանրային թղթակիցների հետ` ամենօրյա պարբերականությամբ համակարգելով նրանց աշխատանքը և նախապատրաստելով այդ խմբին` լուսաբանելու 2012 թ. մայիսի 6-ին անցկացվելիք ՀՀ խորհրդարանական ընտրությունները: Ստեղծվելու են նաեւ հեռախոսային Android, iOS, Windows Phone ծրագրեր սմարթֆոնների համար: Հեռախոսային հավելվածների միջոցով կհեշտացվի բջջային հեռախոսներից դեպի «Իմ լուրերը» (www.mynews.am) կայք թղթակցությունը: Օգտատերերը նաև հնարավորություն կունենան ուղարկել իրենց թղթակցությունները ամենատարբեր կառույցների, ինչպես օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քաղաքապետարան, հկ-ներ և այլն:

Նախագիծը ֆինանսավորվում է Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունից ստացված դրամաշնորհի միջոցով: