Մեկնարկել է ՏՏ ոլորտի «Լավագույն կառավարիչներ» մրցանակաբաշխությունը

Մեկնարկել է 2012թ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ինչպես տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիա» ընկերությունից, ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև բիզնեսի կառավարման ունակությունների և ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2-րդ անգամ, կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիան», հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան սովորել գործարար կառավարման սկզբունքները, փորձարկել իրենց բիզնես հեռանկարները և նորարարական մտածողությունը, կառուցել մասնագիտական հարաբերություններ ու երկարատև գործարար շփումներ բարձր որակավորում ունեցող հասակակիցների հետ, դառնալ 3500 + ղեկավարների բացառիկ ցանցի մի մաս:

Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են ՀՀ-ում գրանցված ՏՏ ոլորտի ընկերություններում: Նախորդ տարվա մրցույթի հաղթողները չեն կարող հայտադիմում ներկայացնել առնվազն հաջորդ 3 տարիներին:

Ընտրության գործընթացն իրականացնում է ՀՀ վարչապետի հրամանագրով ստեղծված մրցանակաբաշխության հանձնաժողովը: Հաղթողների մասին կհայտարարվի մայիսի 15-ին: Տասնհինգօրյա վերապատրաստման դասընթացը կանցկացվի Սթենֆորդի Համալսարանում օգոստոսին:

Մեկնաբանել