Հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից

Նախընտրական քարոզարշավի այս թեժ փուլում տարօրինակ թեմաների վրա է շեշտադրումներ կատարվում: Այդ գործում հատկապես մեծ ջանասիրություն են դրսևորում լրատվամիջոցները: Մի քանի օր է, ինչ Հայաստանի գրեթե ողջ լրատվական հանրույթը ուշադրությունը սևեռել է այն հանգամանքի վրա, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը անձնական զենքո՞վ էր գնացել Արմավիրի մարզ, թե՞ ոչ: Խնդրի քննարկումը այն աստիճանի էր թեժացել, որ համարյա արդեն միջազգային փորձագետներ էին հրավիրում պարզելու, թե ԲՀԿ առաջնորդի մեջքի վրա երևացող առարկան ատրճանակ էր, թե «Վերտու» հեռախոս: Այս ընթացքում տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի առաջ ծառացած հիմնական խնդիրները ատրճանակի և հեռախոսի միջև առկա տարբերությունները որոշելն է:

Արդյոք միտումնավո՞ր է, որ ողջ լրատվական դաշտն ու շահագրգիռ անձինք քաղաքական և տնտեսական կարևոր թեմաները թողած՝ քննարկման թեմա են դարձրել ընտրաշավին մասնակցող կուսակցություններից մեկի ղեկավարի ատրճանակը: Դատելով այն ջանասիրությունից, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ այդ թեման այսպես ասած տաք պահում, կարելի է կարծել, որ այդ ամենի մեջ իրականում միտում կա: Բնականաբար այդ միտումը իր մեջ սև քարոզչության տարրեր է պարունակում:

Ենթադրենք՝ իրականում Ծառուկյանի մոտ զենք է եղել. հետո ի՞նչ, առավել ևս՝ հանրավոր զենքը մեծ հավանականությամբ օրինական կլինի: Հայաստանը ցավոք դեռ այն երկիրը չէ, որտեղ քաղաքական գործիչների զենք կրելը հասարակության մեջ կարող է համարվել պարսավելի արարք: Մեկ այլ իրականության մեջ հնարավոր է, որ այս հանգամանքը մեծ սկանդալի տեղիք տար: Սակայն Հայաստանի նման երկրում, որտեղ պետական բարձրաստճան պաշտոնյանների կամ նրանց զավակների մասնակցությամբ զենքով հրապարակային «ռազբորկաները» օրինաչափություն են, որտեղ քրեական տարրերը զբաղվում են քաղաքականությամբ՝ իրենց մեթոդներով որոշակի կուսակցությունների համար ձայներ ապահովելով, որևէ մեկի զենք ունենալ-չունենալը թերևս այն թեման չէ, որի վրա արժե այդքան սևեռվել: Շատ ավելի լուրջ կլիներ քննարկել ընտրարշավին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների ծրագրային ելույթներն ու նույն մանրակրկիտությամբ դրանք ներկայացնել հանրության դատին: