ՀՀ նախագահը` Վայոց Ձորում

Վայոց Ձորի մարզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն այսօր` ապրիլի 18-ին, մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, առողջարանային և զբոսաշրջային այս քաղաքում մինչև 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի 2013թ.: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ արդեն ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանք­ները: Եղանակի բարենպաստ պայ­ման­ների պարագայում կսկսվեն շենքի քարային, տանիքի ծածկման, միջնորմային պա­տերի, դռների և պատուհանների, հատակների ու երեսպատման աշխատանքները: 2013թ. արդեն կիրականացվեն շենքի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտից հետո ջերմուկցիներն ու քաղաքի այցելուները հնարավորություն կունենան ևս մեկ հյուրանոցում շատ ավելի բարձրակարգ պայմաններում որակյալ ծառայություններ ստանալ:

Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում նախագահն այցելել է նաև «Վեդի Ալկո» ընկերության «Գետափի» գինու գործարան: Այստեղ հանրապետության ղեկավարին ծանոթացրել են գործարանի արտադրական հզորություններին, պայմաններին և զարգացման ծրագրերին, որոնցից մեկն էլ 2012թ. նախատեսված գինենյութերի պահպանման արտադրամասի կառուցումն է: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, այն հնարավորություն կտա լրացուցիչ 60 հազար դեկալիտր գինենյութ պահպա­նել ջերմային արդյունավետ պայմաներում: Ընկերությունն ունի 47 հիմնական և 120 սեզոնային աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը 73-80 հազար դրամ է: 2000թ-ից ընկերությունը հիմնել է իր սեփական խաղողի այգիները և տարբեր տեսակի պտղատու այգիներ:

Մեկնաբանել