Yahoo!-ի եկամուտներն աճել են

Yahoo!-ի զուտ շահույթն ընթացիկ տարվա առաջին երեք ամսում աճել է 28%-ով մինչև $286 մլն կամ 23 ցենտ՝ մեկ բաժնետոմսի հաշվով, ինչը գերազանցել է Ուոլ սթրիթի կանխատեսումը (17 ցենտ՝ մեկ բաժնետոմսի հաշվով)։ Շահույթի աճի մեծ մասը բաժին է ընկնում բաժնետոմսերի փոքրամասնական փաթեթներից ստացված եկամուտներին։ «Նրանց փոքրամասնական ներդրումներն ավելի շատ եկամուտ են պահովում, քան հիմնական բիզնեսը»,- նշել է BGC Partners-ի փորձագետ Քլոին Ջիլիսը։

2012թ. 1-ին եռամսյակում ընկերության զուտ հասույթն աճել է երեք տարվա մեջ առաջին անգամ։ Այն կազմել է $1,077 մլրդ՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի $1,064 մլրդ-ի համեմատ։ Շուկան այս ցուցանիշն ակնկալում էր $1,06 մլրդ-ի մակարդակում։

Նշենք, որ Yahoo!-ի բիզնեսի վերակառուցման ծրագրի շրջանակում, որը նախաձեռնել է գործադիր տնօրեն Սքոթ Թոմփսոնը, նախատեսվում է ընկերությունն ազատել քիչ շահութաբեր ակտիվներից և կենտրոնանալ օնլայն առևտրի և բջջային արտադրանքի ուղղությամբ։