Տարօրինակ զուգադիպություններ

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը անձնագրերի սղության կամ բացակայության պատճառով հրաժարվում է անձնագրեր տրամադրել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են սեղմ ժամկետում նոր անձնագրեր ստանալ: Այս փաստը հարուցել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը: Խնդրի հետ կապված վարչության պետ Հովհաննես Քոչարյանը պարզաբանումներ է ներկայացրել լրագրողներին, որտեղ անձնագրերի սղությունը բացատրում է երկու պատճառով: Առաջին՝ լրացել է հազարավոր քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը. նրանք անձնագիր ստացել են 1995-1996 թթ., և փաստաթուղթը փոխելու ժամանակն է եկել: Երկրորդ խնդիրը, ըստ Քոչարյանի, կապված է  Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների տարածք մուտք գործելու համար անձնագրի և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նմուշի ժամկետի սահմանափակումների հետ: Վերջերս տեղ գտած սահմանափակումների պատճառով Հայաստանից դուրս եկողների մեծ մասը պետք է փոխի անձնագիրը:

Քոչարյանը հավաստիացրել է, որ խնդրի պատճառը կեղծ անձնագրերի տպագրումը չէ։ «Աննախադեպ աճել է անձնագրերի պահանջարկը, և այդ պահանջարկի աճը որոշակի իմաստում նաև մեզ համար կանխատեսելի չէր»,- ասել է նա:

Անառարկելի, որ ՀՀ քաղաքացիների հարկերից վճարվող տվյալ պաշտոնյայի հիմնական գործառույթներից է իր գործում ճիշտ կանխատեսումներ անելը և օրենքով սահմանված ժամկետում քաղաքացիներին անձնագրեր տրամադրելը: Տրամաբանական կլիներ, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը պարզաբանումները ներկայացնելուց հետո, ընդունելով, որ թերացել է իր գործառույթները կատարելու մեջ, հրաժարական ներկայացներ:

Մյուս կողմից՝ տարօրինակ է, որ հենց նախընտրական շրջանում 1995-1996 թթ. անձնագիր ստացածները միահամուռ փորձել են իրենց անձնագրերը փոխել: Նույնիսկ եթե այդպես է, նման միտում վաղուց պետք է գրանցված լիներ և այն կանխատեսելն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը այդքան մեծ դժվարություն չպետք է ներկայացներ: Կամ արդյո՞ք Շենգենյան տարածք մեկնող ՀՀ քաղաքացիների թիվն այնքան մեծ է, որ նրանք կարող են կաթվածահար անել անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը, ինչի արդյունքում խախտվում է ՀՀ բազմաթիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

Ամենևին չենք պնդում, որ կեղծ անձնագրերի պատճառով է անձանգրերի սղություն առաջացել: Պարզապես նախընտրական լարված շրջանում տարօրինակ զուգադիպությունները շատ են, ինչն էլ կասկածներ է առաջացնում պետական որոշ օղակների գործունեության հետ կապված: