Մեր անիմատորները` Շտուտգարտում

Հայտնի են դարձել Շտուտգարտի անիմացիոն ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնի շրջանակներում անցկացվող մրցույթի մասնակիցները: Հայտարարված երեք տեղերի փոխարեն հայաստանցիներին հինգ տեղ է հատկացվել: Պատճառը Ադրբեջանի ինքնաբացարկն է: Վրեժ Քասունին, ով 2006–ից ուսումնասիրում է անիմացիայի զարգացումը Կովկասում, փաստում է, որ Ադրբեջանում վերջին տարիներին անիմացիոն ֆիլմեր չեն ստեղծվում: «Իրենց մոտ մահացել է այդ արվեստը»,-ասում է նա: Նույն պատճառով ավելացվել է նաև վրաստանցի մասնակիցների թիվը: Մայիսի սկզբին Շտուտգարտ կմեկնեն Անի Յուսեֆյանը, Հարություն Թումաղյանը, Ռաֆիկ Մխիթարյանը, Գոռ Ենգոյանը և Զաքար Դեմիրճյանը:

Մարտի վերջին ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները կոչ էին արել հայ երիտասարդ անիմատորներին` մասնակցելու Robert Bosch հիմնադրամի հայտարարած մրցույթին: Հաղթողին սպասում է 70 հազար եվրո մրցանակ և  Robert Bosch ընկերության հետ համատեղ արտադրության հնարավորություն:

Մրցույթի նախաձեռնողը`  Robert Bosch հիմնադրամը, ամեն տարի աշխարհի փառատոների շրջանակներում տարբեր միջոցառումներ է կազմակերպում երիտասարդ ստեղծագործողների համար: Հիմնադրամն արդեն մասնակցել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, սակայն անիմացիոն ֆիլմերի որոտում սա Հայաստանի առաջին համագործակցությունն է Robert Bosch-ի հետ: Այս մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ անիմատորներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Գերմանիայից: Կովկասյան գործընկերներն են ReAnimania միջազգային փառատոնը և Վրաստանի կինոկենտրոնը:

ReAnimania-ի նախագահ Վրեժ Քասունին նախապես մտավախություն ուներ, թե Հայաստանում կարող են չլինել արտադրության մեջ գտնվող նախագծեր, սակայն հաշված օրերի ընթացքում տասներկու հայտ եղավ:

Ներկայացված ֆիլմերը ամենատարբեր թեմաներով են: Հարություն  Թումաղյանի The Magic Is in Yourself  ֆիլմի սցենարը հնգամյա տղայի մասին է, որն արտաքին աշխարհի հետ նկարների միջոցով է շփվում: Ինչ-որ պահի նա հասկանում է, որ իր նկարները կենդանանում են: Տղան սկսում է իր կախարդական մատիտների օգնությամբ փոխել իրականությունը, բարի գործեր անել և օգնել մտերիմներին: Մուլտֆիլմում պիտի նաև բացասական կերպար լինի` մեկը, ով գողանում է մատիտները և սկսում օգտագործել դրանք` սեփական շահերից ելնելով: Վերջ ի վերջո  տղան հասկանում է, որ պետք է ոչնչացնի մատիտները, սակայն պարզվում է, որ նա արդեն ընդունակ է ինքնուրույն բարի գործեր անել, առանց կախարդությանը դիմելու: 

Գոռ Ենգոյանի Idiotia-ն նման չէ հեքիաթի: Դրա հիմքում Գագիկ Կիլիկյանի համանուն վեպն է, որը պատմում է 80–ականներին ռուսական բանակի` Աֆղանստան ներխուժման մասին: Ֆիլմի`հոգեկան խանգարումից տառապող  հերոսի հիշողությունները միահյուսվում են ներկայիս իրադարձություններին: Գոռն իր աշխատանքում պատրաստվում է միանգամից հինգ տեսակի անիմացիա օգտագործել:

Ըստ Վրեժ Քասունու` հայկական անիմացիան իր վերածննդին է մոտենում: «Հիմա անցումային շրջան է: Ոճը, որին ժամանակին հետևում էին խորհրդային անիմատորները, փոխվում է, դառնում ավելի գլոբալ շարժման մաս»,- ասում է նա: Միևնույն ժամանակ, Քասունին կարևորում է սեփական ձեռագրի փնտրտուքը: «Ամերիկայում Դիսնեյից հետո բոլորը Դիսնեյի նման են նկարում, մենք չենք ցանկանա, որ նույնը մեզ մոտ լինի»,-նշում է նա:

Հարություն Թումաղյանը համոզված է, որ ժամանակակից անիմացիայում սեփական ձեռագիր ստեղծելու միակ ճանապարհը  նկարչական մուլտիպլիկացիան է: «3D-ն ավելի հարմար է տնտեսական տեսակետից, սակայն փառատոնային ֆիլմերի մեծ մասն այսօր ձեռքով են նկարված»,- ասում է նա:

Շտուտգարտի փաառատոնն աշխարհում նման հինգ առաջատար փառատոների շարքում է: Այն յուրահատուկ հարթակ է անիմացիոն արվեստի և բիզնեսի համար, որի շրջանակում հանդիպում են հազարավոր մասնագետներ տարբեր երկրներից: Մեր երիտասարդների համար սա շփման, փրոմոուշենի, փորձառության հիանալի հնարավորություն է ցանկացած հանգուցալուծման դեպքում: