Չինաստանը վիճելի կղզիները Տոկիոյին չի վաճառում

Պեկինն ու Տոկիոն վիճարկում են չինարեն Դյաոյույդաո, իսկ ճապոներեն՝ Սենկակու անունը կրող արշիպելագի պետական պատկանելությունը։ Կղզիներն անմարդաբնակ են, սակայն արժեքավոր են՝ շնորհիվ շելֆի գազային հանքավայրերի։

Ապրիլի 16-ին Տոկիոյի քաղաքապետ Սինտարո Իսիհարան, ելույթ ունենալով Վաշինգտոնում, հայտարարել էր, որ Տոկիոյի պրեֆեկտուրան բանակցություններ է վարում վիճելի տարածքների գնման շուրջ։ Ճապոնական «Կիոդո» գործակալության տվյալներով՝ խոսքը 2012թ․ վերջին գործարք կնքելու մասին էր։

Հաջորդ օրը Չինաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Լյու Վեյմինը հերքել էր բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները։ «Ճապոնիայի միակողմանի ցանկացած գործողություն Դյաոյույդաո կղզիներում անօրինական են և ուժ չունեն։ Նրանք չեն կարող փոխել այն հանգամանքը, որը կղզիները Չինաստանին են պատկանում»,- ասել էր նա։

China Daily-ն նշում է, որ Իսիհարայի հայտարարությունը, ըստ ամենայնի, անհարմար վիճակի մեջ է դրել Ճապոնիայի կառավարությանը։ Համենայնդեպս՝ Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան լրագրողներին վստահեցրել է, որ Տոկիոյի քաղաքապետն իր հետ չէր համաձայնեցրել հայտարարության բովանդակությունը։

Մեկնաբանել