Վեզիրյանն ընդդեմ Բախշյանի. բանավեճը դարձավ լեզվակռիվ

Ասուլիսն անցավ փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում:

Վեզիրյանը հայտարարեց, թե «Ժառանգությունն» ընդդիմադիր չէ և արդեն «վաղուց բռնել է ՕԵԿ-ի ճանապարհը, քանի որ հայտարարություններ է արել, որ կհամագործակցի կոալիցիայի հետ»: Վեզիրյանի խոսքով՝ իրենց ընտրատարածքում ընդդիմության ձայների փոշիացում չի լինի, քանի որ ընդդիմադիր զանգվածն իր ձայնը կտա ոչ թե Բախշյանին, այլ հենց իրեն: Վեզիրյանն ասաց, որ ինքը կպայքարի այն քաղաքական ուժի հետ, որը պատրաստ կլինի նոր Հայաստան ստեղծել: Այս պահին այդ ուժը Վեզիրյանի համար միայն ՀԱԿ-ն է:

Բախշյանը հակադարձեց այն պնդումներին ու լուրերին, թե իբր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից կուսակցության թեկնածուները հրաման են ստացել «չքլնգել» ՀՀԿ-ին:

Վեզիրյանը 12-րդ ընտրատարածքում իր առաջադրվելը պայմանավորեց այն հանգամանքով, որ այդտեղ է ապրում շուրջ 30 տարի: Նա անտրամաբանական համարեց Բախշյանի՝ այդտեղ առաջադրվելու փաստը, ինչին վերջինը պատասխանեց, որ այդ համայնքում է այն դպրոցը, որի տնօրեն է եղել ինքը շուրջ ութ տարի:

Ասուլիսի ընթացքում լրագրողներն ու Վեզիրյանը Բախշյանից պահանջում էին պարզաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում «Ժառանգությունը» կհամագործակցի ցանկացած այլ ուժի հետ:
Բախշյանը չընդունեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման բան է հայտարարել:

Նշենք, որ ապրիլի 10-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» միջոցառման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր հետևյալը․ «Մեր դեպքում ես ասել եմ, որ եթե  լինի Հայաստանի Հանրապետության արդի պատմության ընթացքում առաջին անգամ ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավար ընտրություն, «Ժառանգությունը» չի բացառի համագործակցություն ցանկացած այլ ուժի հետ»: