Գյումրիի ուսանողների այցը` ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` ապրիլի 18-ին, հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանի ղեկավարը ուսանողներին հրավիրել է ազատ ու անկաշկանդ  զրույցի` նշելով, որ  օրենսդիր մարմին այցելությունը ուսուցողական լինելուց բացի  լավ փորձ է ու  տեղեկություն ստանալու միջոց:

ԱԺ նախագահը ուսանողներին ներկայացրել է խորհրդարանի հիմնական գործառույթները` մանրամասնելով օրինաստեղծ աշխատանքի  առանձնահատկությունները, այդ թվում`  իշխանություն-ընդդիմություն համատեքստում: Նշվել է, որ հիմնական գործնական աշխատանքը կատարվում է մասնագիտացված  տասներկու հանձնաժողովներում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ իշխանության երեք թեւերի տարանջատման` Սահմանադրությամբ ամրագրված  սկզբունքին` զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը բացատրելով ապագա տնտեսագետների համար հասկանալի` բյուջետային գործընթացներով. բյուջեի նախագիծը  ներկայացնում է խորհրդարանական մեծամասնության  ձեւավորած գործադիր իշխանությունը, այն հաստատում է օրենսդիր մարմինը եւ հետագայում ստանում կառավարության  հաշվետվությունը  կատարողականի մասին: Նիկոյանը մանրամասնել է նաեւ հանրապետության նախագահի եւ խորհրդարանի փոխհարաբերությունները:

Ուսանողների հետ զրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու նախընտրական քարոզչությանը: Նա քարոզչության ընթացքում պետության դերակատարությունը համարել է բոլոր ուժերի համար հավասար հնարավորություններ ապահովելը:

Ապագա տնտեսագետների հարցերի գերակշիռ մասը` ուղղված խորհրդարանի ղեկավարին, վերաբերում էին օրենքների ընդունմանը: Ուսանողներից մեկը նկատել է, թե օրենքների  հաճախակի փոփոխությունը դժվար է դարձնում դրանց հետեւելը: ԱԺ նախագահը նշել է փոփոխությունների հիմնական պատճառները եւ ասել, որ օրենքի կիրառումից են ի հայտ գալիս դրա թերի կամ ուժեղ կողմերը, բացի այդ` յուրաքանչյուր  կառավարություն վարում է  տնտեսական քաղաքականություն իր գաղափարախոսությանը համահունչ: Խորհրդարանի նախագահը, համաձայնելով օրենքների հստակ ձեւակերպումների անհրաժեշտության հարցում, պարզաբանել է, որ բոլոր խնդիրները չեն կարող ստանալ օրենսդրական   կարգավորում, այդ իսկ պատճառով առավել մանրամասն լուծումներ են տրվում ենթաօրենսդրական ակտերով, ինչպես ողջ աշխարհում:

Գյումրիից ժամանած ուսանողները Աժ նախագահի տեսակետները լսել են նաեւ համայնքների խոշորացման, զբաղվածության խնդրի լուծման, կուսակցությունների թվի վերաբերյալ: Փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու համար հարկային արտոնություններ տրամադրելու հարցադրմանն ի պատասխան Նիկոյանն ասել է. «Պետությունը որդեգրել է հարկային արտոնությունները նվազագույնի հասցնելու քաղաքականություն: Փոխարենը փոքր բիզնեսի համար բարենպաստ միջավայր կարող են ստեղծել մրցակցային հավասար պայմանները»:

Ուսանողներին հետաքրքրել է նաեւ խորհրդարանի աշխատանքի արդյունավետության խնդիրը: ԱԺ նախագահը նշել է, որ գնահատականն ընտրությունների միջոցով պետք է տա ժողովուրդը: Թեեւ ԱԺ-ի գործունությունը բաց է հասարակության համար եւ երբեմն քննադատության է ենթարկվում` հենց այդ հանգամանքով պայմանավորված, կա նաեւ ոչ այնքան  հրապարակային ոլորտ` խորհրդարանական դիվանագիտությունը: Աժ նախագահն արձանագրել է, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաճախ է հաջողվում կանխել հակահայկական բանաձեւերի ընդունումը միջազգային կառույցներում: