«Կներեք, էլ չեմ անի»,- ասել է թագավորը

Այսօր, դուրս գրվելով հիվանդանոցից, ուր վիրահատվել էր և անցկացրել 5 օր, միապետը լրագրողներին ասել է. «Շատ եմ ցավում, սխալ եմ արել, այլևս դա չի կրկնվի»:

Հիշեցնենք, որ Խուան Կարլոսին վիրահատել էին ապրիլի 14-ին, և միայն այդ ժամանակ էին լրագրողներն իմացել, որ նա Բոտսվանում կոտրել է ազդրոսկրը. այդ մասին տեղյակ էր միայն իսպանական կառավարությունը:

Թագավորին խիստ քննադատել էին երկրի ծանր տնտեսական վիճակում որսի պես ճոխություն իրեն թույլ տալու համար. այդպիսի որսը, ըստ Իսպանիայի որսորդների միության նախագահի, արժենում է 7-20 հազ. եվրո:

ejournal.am էլեկտրոնային պարբերականում իսպանական զայրույթի մասին տպագրվել է «Դեմոկրատական միապետություն» վերնագրով հոդված: «Մինչ մենք վիճում ենք, թե որն է ավելի լավ կառավարման ձև` նախագահական, թե պառլամենտական հանրապետությունը և կոկորդ ենք կրծում աթոռների համար, Իսպանիայում միապետական կարգերը չեն խանգարում, որ մարդիկ թագավորին էլ պատասխանատվության կանչեն:

Հիմա իսպանացիները ստորագրահավաք են սկսել թագավորի գահազրկման համար:

Մենք թագավորներ չունենք, չնայած մեր նախագահներին սովոր ենք թագավոր ասել, բայց Իսպանիայում թագավոր-հպատակ իրավահարաբերությունները շատ ավելի հավասար են, քան մեզ մոտ` նախագահ-քաղաքացի հարաբերությունները»,- նշում է հոդվածագիրը:

Մեկնաբանել