Եռօրյա գրական-երաժշտական տանգոն նվիրվել է հայ գրքի տոնին

Ծրագիրը նվիրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն. հաղորդում է Մշակույթի նախարարությունը:

Վենիամին Սմեխովի և Ալիկա Սմեխովայի մասնակցությամբ «Տանգոյի 12 ամիսներ» խորագրով ծրագիրը յուրօրինակ բա­նաս­տեղծական-երաժշտական ներկայացում է, որտեղ Վ. Սմեխովը նախորդ դարի 30-ական թվականների լեհական հանրահայտ տանգոյի երաժշտության ներքո համադրել և նոր մեկնաբանությամբ հանդիսատեսին է ներկայացնում իր գրչին պատկանող գրական տեքստերը, նաև «արծաթե» դարի պոեզիայի բացառիկ իր ընթերցումները (Ալեքսանդր Բլոկ, Աննա Ախմատովա, Վլադիմիր Նաբոկով, Օսիպ Մանդելշտամ, Վլադիմիր Մայակովսկի, Իգոր Սևերյանին, Սաշա Չյորնի…): Ծրագրին վոկալ  կատարումներով մասնակցել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վ. Սմեխովի դուստրը`  Ալիկա Սմեխովան, Pasional Orquesta նվագախումբը` ջութակ, կիթառ, ակորդեոն, դաշնամուր, կոնտրաբաս գործիքային կազմով:

«Տանգոյի 12 ամիսները» գրական-երաժշտական ծրագիրը ապրիլի 16-ին ներկայացվել է Գյումրու Վ. Աճեմյանի, ապրիլի 17-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոններում, ապրիլի 18-ին՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: