Տրանսֆերտային մրցունակություն

Չնայած տնտեսության կառուցվածքային փոփոխության մասին Կառավարության հայտարարություններին՝ ՀՆԱ-ի կառուցվածքում շարունակում են գերակայել ցածր արտադրողականությամբ ոլորտները (գյուղատնտեսություն, ծառայություններ), ինչը Հայաստանի տնտեսության հիմնական թերություններից է, արձանագրում է «Հայաստանի 2011-2012 թթ. ազգային մրցունակության զեկույց»-ը։ Ընդ որում՝ արտադրողականությամբ առաջատար երեք ոլորտները (ֆինանսական միջնորդություն, հանքագործություն և շինարարություն) ապահովում են երկրի զբաղվածության ընդամենը 9%-ը։

Երեկ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության «Հայաստանի 2011-2012 թթ. ազգային մրցունակության զեկույց»-ի շնորհանդեսին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ազգային մրցունակության բարձրացմանն ուղղված Կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես՝ Կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակը մակրոկարգավորումներից անցումն է միկրոմիջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

«Այսօր շեշտադրումները փոխվել են, և կառավարություններն իրավունք չունեն բավարարվել միայն միջավայրի վրա շեշտադրումներ կատարելով, նրանք պարտավոր են նաև միկրոմակարդակում աջակցություն ցուցաբերել բիզնեսի ներկայացուցիչներին»,– ասաց Սարգսյանը։

Ազգային մրցունակության զեկույցը, վարչապետի կարծիքով, հնարավորություն է տալիս համեմատության մեջ՝ տարածաշրջանային կամ համաշխարհային կտրվածքով, տեսնել Հայաստանի ընդհանուր պատկերը, բացահայտել երկրի մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաև ճշգրիտ գնահատել այն միտումները, որոնք կարող են էապես ավելացնել մրցունակությունը:

Ներկայացնելով զեկույցը՝ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն ասաց, որ Հայաստանի մրցունակության կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005-ից ի վեր, 2011թ. վերափոխվել է դրականի՝ արտացոլելով կառուցվածքային փոփոխությունները:

Հերգնյանը նշեց նաև, որ ցածր արտադրողականությամբ ոլորտների (գյուղատնտեսություն, ծառայություններ) գերակայությունը ՀՆԱ-ի կառուցվածքում մնում է Հայաստանի տնտեսության հիմնական թերություններից մեկը։ Ըստ Հերգնյանի՝ Հայաստանում արտադրողականությամբ առաջատար երեք ոլորտները (ֆինանսական միջնորդություն, հանքագործություն և շինարարություն) ապահովում են երկրի զբաղվածության ընդամենը 9%-ը, այնինչ աշխատուժի 39%-ը կենտրոնացված է նվազագույն արտադրողականություն ունեցող գյուղատնտեսությունում։

Հոլանդական հիվանդություն
Զեկույցում բավական ուշագրավ է դրույթը, թե տնտեսության կառուցվածքում ցածր արտադրողականությամբ ոլորտների գերակայության պատճառով տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը հայտնվել է ոչ նպաստավոր դիրքում:

«Գյուղատնտեսության բաժինը տնտեսության կառուցվածքում նվազել է թե՛ Ադրբեջանում և թե՛ Վրաստանում, բայց ոչ Հայաստանում: Ներկայում Հայաստանում այս ոլորտի ունեցած կշիռը ՀՆԱ-ում ավելի մեծ է, քան Վրաստանում և Ադրբեջանում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ռեսուրսաինտենսիվ տնտեսությունը հիմնված է գլխավորապես արդյունաբերության վրա, իսկ Վրաստանի տնտեսությունը դրսևորում է մեծ կենտրոնացում ծառայությունների ոլորտում: Սա տարածաշրջանում մրցունակության դինամիկայի առումով Հայաստանի համար խիստ անբարենպաստ է»,– նշված է զեկույցում։

Զեկույցից պարզ է դառնում, որ չնայած տնտեսության կառուցվածքային փոփոխության մասին Կառավարության հայտարարությունների՝ այն որակական չէ. ՀՆԱ-ում բարձր արտադրողականությամբ ոլորտը (շինարարությունը), իր տեղը զիջել է ցածր արտադրողականությամբ ոլորտներին (գյուղատնտեսություն, ծառայություններ)։

Այսպես՝ եթե 2008թ. Հայաստանի ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում էր 16,1%, ապա 2011թ. ցուցանիշը հասել է 23%-ի։ Այս ընթացքում շինարարության մասնաբաժինը կրճատվել է 11,3-տոկոսային կետով՝ մինչև 14%, ծառայությունների մասնաբաժինն ավելացել է 11-տոկոսային կետով՝ կազմելով 46%։

Ուսումնասիրելով ՀՆԱ-ում տրանսֆերտների մեծ մասնաբաժին ունեցող 20 տնտեսություններում 2005-2010 թթ. տեղի ունեցած փոփոխությունները՝ զեկույցի հեղինակները պարզել են, որ այդ երկրներից շատերին հաջողվել է նվազեցնել կախվածությունը դրամական փոխանցումներից՝ սահմանափակելով դրանց մասնակցությունը տնտեսության մեջ։ Հակառակ դրան՝ Հայաստանն արձանագրել է տրանսֆերտների մասնաբաժնի որոշակի աճ։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտասահմանից ստացվող տրանսֆերտները Հայաստանում կազմում են տնային տնտեսությունների եկամուտի ավելի քան 10%-ը:

«Չնայած միջին և նվազագույն աշխատավարձի մակարդակների աճին՝ արտասահմանից ստացվող դրամական փոխանցումների մասնաբաժինը տնային տնտեսությունների ընդհանուր եկամուտում 2005-ից ի վեր աճել է, մինչդեռ աշխատանքի վարձատրությունից ստացվող եկամուտների մասնաբաժինը նվազել է»,– նշված է զեկույցում։

Չդիվերսիֆիկացված արտահանում ու կառավարելի պարտք
Շարունակում է կենտրոնացված մնալ Հայաստանի արտահանման կառուցվածքը՝ չնայած 2011թ. որոշակի բարելավմանը։ Անցած տարի արտահանման 72%-ը բաժին է ընկել երեք ճյուղերի (2010թ. այս ցուցանիշը 77,1% էր)։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի արտահանումը շարունակում է մնալ խիստ ռեսուրսաինտենսիվ և կենտրոնացած մի քանի ոլորտներում։ «Տնտեսական քաղաքականության համար կարևոր խնդիր է արտահանման դիվերսիֆիկացիայի խթանումը՝ վերածելով այն տնտեսական աճի աղբյուրի»,– նշված է զեկույցում։

Զեկույցի հեղինակները արձանագրել են նաև, որ արտաքին պարտքի սպասարկման մակարդակը մնում է կառավարելի սահմաններում, թեև պետական ֆինանսների վատթարացած վիճակը Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի հիմնական խոցելի կետերից է:

«Հայաստանի աճող արտաքին պարտքը լուրջ մտահոգության առարկա է հանրային քաղաքականություն մշակողների համար: Թեև արտոնյալ պայմանների շնորհիվ Հայաստանի պարտքային բեռը ներկայում պահպանվում է չափավոր մակարդակի վրա, դրա աճն աննախադեպ է: Պարտքի սպասարկման մասնաբաժինը համախառն ազգային եկամուտում 2005-2010 թթ. աճել է 4 անգամ (1%-ից 4%): Աճը հիմնականում երկրի սրընթաց աճող արտաքին պարտքի հետևանքն է, որը 2010թ. դրությամբ կազմել է ՀԱԵ-ի մոտ 47%-ը: Այդուհանդերձ, Հայաստանի արտաքին պարտքի բացարձակ ծավալը և դրա բաժինը ՀՆԱ-ում դեռևս օրենսդրությամբ սահմանված կառավարելի սահմաններում են, և Հայաստանը դասակարգվում է որպես պարտքի ցածր մակարդակ ունեցող երկիր»,– նշված է զեկույցում։