Ինչո՞ւ չեն սուլում

Շատերը կհիշեն 2008թ. փետրվարի 26-ին Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի հրավիրած հանրահավաքը: Տասնյակ հազարավոր մարդիկ համբերատար լսեցին ՀՀԿ առաջնորդի խոսքը, որը ԿԸՀ տվյալներով հենց նոր հաղթել էր ՀՀ նախագահի ընտրություններում, և սուսուփուս շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Դեռ Հանրապետության հրապարակում ոչ ոք չսուլեց Սերժ Սարգսյանին, բարձրաձայն ոչ մի դժգոհություն չհնչեց անցկացված ընտրությունների մասին:

Ովքե՞ր էին այդ մարդիկ: Նրանց, հիմնականում մարզերից, կազմակերպված ձևով բերել էին հատկապես այդ հանրահավաքի համար, որտեղ Սերժ Սարգսյանը խոսելու էր հանդուրժողականությունից: Այսօր կրկին Սերժ Սարգսյանը հանրահավաքներ է կազմակերպում, ճիշտ է՝ այս անգամ հիմնականում մարզերում: Բայց դիցուք նա արդեն հանրահավաք է արել Մալաթիա-Սեբաստիա համայնքում և ընտրողներին կոչ արել իրենց ձայնը տալ աղքատ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի օգտին: Իմ տեղեկություններով՝ այստեղ նույնպես դժգոհություններ չեն եղել, սուլոցներ չեն լսվել, թեպետ հանրահավաքի մասնակիցների դեմքերից դատելով՝ կանխատեսելի է, թե հատկապես ովքեր են նրանք:

ՀԱԿ-ն իր հերթին անընդհատ հայտարարում է, որ ժողովուրդը զզված է այս իշխանություններից և օր առաջ ուզում է ազատվել: Այնպես չէ, որ բոլոր առումներով վիճարկելի է քաղաքական այդ ուժի ասածը: Արտագաղթը հաստատում է ՀԱԿ-ի խոսքը: Սակայն, Բուլգակովի բառերով, ահա թե որն է ֆոկուսը՝ եթե ամբողջ երկիրն ընդդիմադիր է, ինչո՞ւ են այդքան սահուն անցնում Սերժ Սարգսյանի միանձնյա ելույթներով ուղեկցվող հանրահավաքները, ինչպե՞ս են, ասենք, մայրաքաղաքի փողոցները լցված ՀՀԿ պաստառներով: Նորքի 1-ին զանգվածի ծառերին մեխել են ՀՀԿ փոքրիկ դրոշակները: Եվ ոչ ոք չի ասում՝ տղերք, էս ի՞նչ եք անում, ծառ է, խղճացեք նրան, նրա անլեզու լինելը, ծառը իր իսկ հնազանդությունն է:

Եվ այսպես, ինչո՞ւ է ՀՀԿ-ն հիմա առավել հանդուրժելի, քան 2008թ.: Պատասխաններից ամենաակնհայտը, բայց ոչ ամենաճիշտն այն է, որ առջևում ԱԺ ընտրություններ են և ոչ թե նախագահի, և ժողովուրդը չունի իր վերաբերմունքի կոնկրետ հասցեատեր, հհկականները շատ են, ո՞ր մեկի հանդեպ արտահայտեն իրենց վերաբերմունքը: Մյուսն այն է, որ այս ընտրությունների նախընտրական բոլոր հանրահավաքներին ՀՀԿ-ն տանում է միշտ նույն և ստուգված մարդկանց: Իսկապես, հանրահավաքների վայրերում կարելի է նկատել ավտոբուսներ ՀՀԿ զինանշաններով և դրոշներով: Բայց այս տարբերակը նույնպես ճիշտ չէ: Մարդիկ ավելի շատ են, քան ավտոբուսներում կարող են տեղ անել: Կա երրորդ՝ համեմատաբար տրամաբանական վարկածը՝ ՀՀԿ հանրահավաքներին մասնակցում են կորցնելու բան ունեցող մարդիկ: Այսինքն, եթե չմասնակցեն, ինչ-որ բան կկորցնեն, ասենք՝ մանկապարտեզի կամ դպրոցի տնօրենի պաշտոնը, թաղապետարանի գլխավոր մասնագետի գործը: Այլ խոսքով՝ ՀՀԿ հանրահավաքներին մասնակցում են աշխատանք ունեցող մարդիկ: 1995-ից մինչև հիմա այս առումով ոչինչ չի փոխվել: Եվ ժողովրդի հանդուրժողականությունն էլ փոքր-ինչ չի պակասել:

Ըստ իս՝ ժողովուրդը և ՀՀԿ-ն միմյանց տեսանելի չեն: ՀՀԿ-ն տեսանելի է միայն իր հովանավորությամբ ապրողներին: Եվ երբ ՀՀԿ-ն էքսպանսիայի է ենթարկում մայրաքաղաքի հատուկենտ ծառերը, մարդիկ չեն էլ հասկանում, թե ովքեր են, և ինչ է նրանց ուզածը: Ահա թե ինչու հանրահավաքներին չեն սուլում: Պարզապես ՀՀԿ-ն երբեք այսքան աննկատ չի եղել հայ ժողովրդի համար: Եվ հենց դրանով էլ պետք է բացատրել այն ամենը, ինչ բերում է այդ քաղաքական ուժը այս ժողովրդի գլխին:

Մեկնաբանել