Հողաբաժան սահմանաքարերի անհրաժեշտությունը

Խոսքը ագարակների ու դաստակերտների տերերի, խոշոր հողատերերի (իմա՝ օլիգարխների) և ազատ գյուղացիների տնտեսությունների (հասկացիր՝ փոքր ու միջին ձեռնարկատեր) միջև առկա վեճն էր: Իրենց տնտեսություններում ստրկական ուժ օգտագործող խոշոր հողատերերը ցանկանում էին ընդարձակվել՝ ի հաշիվ ազատ գյուղացիների հողերի, ինչը ենթադրում էր համայնքներում ապրող գյուղացիների թուլացում: Համայնքներն ի վիճակի չէին միայնակ ընդդիմանալ ագարակատերերի ոտնձգություններին, անհրաժեշտ էր պետության, այսինքն՝ թագավորի աջակցությունը: Եվ ահա Արտաշես Առաջինն անում է իր հայտնի հողային բարեփոխումները և կատարում հողաբաժանում՝ տեղադրելով հողաբաժան սահմանաքարեր, որոնց օրինակները հասել են մինչև մեր օրերը:

Պատմության դասագրքերը պատճառաբանում են նաև հայոց արքայի քաղաքականությունը: Թագավորը (պետությունը) ձգտում էր ուժեղ և հարուստ համայնքներ ունենալ, քանզի հենց նրանք էին տալիս հարկ ու զորք, և նրանց ուժեղությունն ու հարստությունը նշանակում էր պետության հզորություն և հարստություն:

Մերօրյա Հայաստանում կրկին խնդիր կա օլիգարխիայի և փոքր ու միջին ձեռնարկատիրության միջև: Օլիգարխիան անընդհատ ընդարձակվում է՝ կլանելով միջին խավին պատկանող ձեռնարկություններն ու ծառայությունները: Ավելին՝ տարբեր մենաշնորհները, չարաշահումները, տարբեր ապրանքանիշներ կեղծելը գործարար աշխարհում առաջացնում են նիհիլիզմ, ինչն էլ բերում է բիզնեսի արտագաղթի: Ո՞վ է այն թագավորը, որ հողաբաժան սահմանաքարեր կդնի օլիգարխիայի և փոքր ու միջին բիզնեսի միջև՝ հնարավորություն տալով վերջինիս զարգանալ:

Ներկայում թագավոր չկա: Նախագահ է, որը պետության հետ չի նույնանում: Որոշ ժամկետ կառավարում է, ապա հեռանում: Հետևաբար՝ թագավորի պես շահագրգռված չէ պետության հզորության համար: Փոքր ու միջին բիզնեսի մուծած հարկերը գնում են պետբյուջե, որն այդքան էլ իր սեփական բյուջեն չէ: Իսկ այ օլիգարխները մուծվում են, այն էլ՝ սեփական գրպանը: Հետևաբար պետք է հզորացնել օլիգարխներին, ավելին՝ դառնալ օլիգարխներից մեկը, ամենամեծը: Խնդիրներ, իհարկե, կան, մասնավորապես դժգոհողների մեծ բանակը: Սակայն դրա լուծումն էլ կա: Դժգոհ զանգվածը պետք է հեռանա: Փառք աստծո, արտագաղթի տեմպերը բավական բարձր են: Որևէ երկրում, որտեղ շահագրգռված են փոքր ու միջին բիզնեսի կայացմամբ, արտագաղթածներն իրենց տեղը կգտնեն, կկայանան, փող կուղարկեն իրենց հայրենակիցներին, որպեսզի վերջիններս չդժգոհեն, շատ հույս չդնեն պետական բյուջեի վրա և ուղարկած փողը ծախսեն օլիգարխների սուպերմարկետներում…՝ ի բարօրություն Ուրուատրի երկրի և ի խորտակումն թշնամիների…

Մեկնաբանել