Wikipedia-ում ընկերությունների մասին նյութերի 60%-ը անճշտություններ է պարունակում

Wikipedia օնլայն հանրագիտարանում տարբեր ընկերությունների մասին նյութերի 60%-ը պարունակում է բազմաթիվ անճշտություններ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի դասախոս Մարսիյու Դիտասոյի անցկացրած հետազոտության արդյունքները:

Համաձայն Wikipedia-ի կանոնների` յուրաքանչյուր նյութի հեղինակ պետք է պահպանի անկողմնակալություն: Այդ իսկ պատճառով ընկերությունների մասին նյութերը չպետք է կառավարեն վերջիններիս հանրային կապերի մասնագետները: Նյութը խմբագրելու համար նրանք պետք է հարցում ուղղեն կից քննարկումների էջին: Սակայն ինչպես նշում են հանրային կապերի մասնագետները, նման կերպ փոփոխություններ կատարելը միշտ չէ, որ հաջողվում է: Վերջիններիս խոսքով, իրենց հարցումները հաճախակի «արհամարհված» են մնում:

Մարսիյու Դիտասոյի կարծիքով, Wikipedia-ն պետք է ավելի հարմար կանոններ մշակի նման իրավիճակների համար: Նա պնդում է, որ անհրաժեշտ է նաև պարբերաբար անցկացնել նյութերի հավաստիության ստուգումներ:

Wikipedia օնլայն հանրագիտարանը ստեղծվել է 2001թ-ին: ComScore վերլուծական ընկերության տվյալներով` Wikipedia-ի միայն անգլերեն տարբերակ օրական այցելում է մոտ 25մլն օգտագործող: Wikipedia-ն գործում է նաև հայերեն լեզվով. Այս տարբերակում ներկայումս կա 25 163 նյութ:

Մեկնաբանել